Մեկ տարի է՝ Վրաստանի հանրային տարածքներում մոխրաման չես գտնի: 2018 թվականի մայիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտավ հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը, ավելի ճիշտ՝ դրա ուժեղացված տարբերակը:
Օրենքն ընդունվել էր 2006-ին, սակայն նախատեսված տուգանքները չնչին էին և փաստացի չէին կիրառվում:
- Նոր կարգավորումներով ծխելն արգելվեց հասարակական տրանսպորտում, բացառություն են տաքսիները, ուսումնական ու բուժական հաստատություններում և հարակից տարածքներում, մինչև 18 տարեկանների համար նախատեսված հասարակական վայրերում, բենզալցակայաններում:
- Փաստացի՝ ծխել արգելվեց գրեթե բոլոր փակ տարածքներում՝ բացառություն են սեփական տներն ու քրեակատարողական հիմնարկները:
- Արգելվեց նաև ծխախոտի գովազդը և անչափահասին ծխախոտային ապրանքի վաճառքը:
- Օրենքը պարտավորեցրեց հյուրանոցների սեփականատերերին՝ 20%-ով կրճատել ծխողների համար նախատեսված սենյակները:
- Պետությունը նաև տնտեսվարողներին ժամանակ տվեց՝ ծխելու համար հատուկ տեղեր հատկացնելու նպատակով:
- Ծխախոտի իրացման կետերի և կրթական հաստատությունների միջև հեռավորությունը 50 մետրից հասցվեց 100 մետրի:
- Խախտման համար տուգանք նշանակվեց ֆիզիկական անձի համար 50-100 իրավաբանական անձի համար՝ 500-1000 լարիի չափով:
Տնտեսվարողները մեկ տարի անց ասում են՝ օրենքը և օգնել, և ինչ-որ չափով խանգարել է բիզնեսին: Թբիլիսիի զբոսաշրջային վայրերից մեկում գործող Լամաիսիոն սրճարանի սեփականատերն ասում է՝ մոխրամանների բացակայության պատճառով երբեմն հաճախորդները դեռ ներս չմտած՝ լքում են սրճարանը: Խոսքը հաճախորդների մոտ 10 %-ի մասին է.
«Մեկ տարուց ավել է՝ մեզ մոտ ներսում չեն ծխում: Բնականաբար, բիզնեսի առումով՝ որոշակի բացասական կողմեր ունի, բայց մեր դեպքում մենք մեր հյուրերին բոլոր հնարավորությունները տալիս ենք, ծխողների համար տերասա ունենք, ձմռանը տաք է, ամռանը՝ զով, ու մեր հյուրը դրսում է ծխում, նոր սրահ վերադառնում: Դեպքեր եղել են, երբ մեզ մոտ ընտանիքներ են եկել, կամ խմբեր, ովքեր ցանկացել են հենց ներսում ծխել և իմանալով որ մեզ մոտ չեն ծխում, գնացել են, մենք դրան ևս նորմալ ենք վերաբերվում»,-ասում է սրճարանի սեփականատեր Խաչիկ Փափախչյանը:
Անհետաձգելի բուժօգնության դեպարտամենտի ղեկավար Լեյլա Ստուրուան օրենքի կիրառումից մեկ տարի անց այն կարծիքին է, որ օրենքը խիստ է ու կարող է համարվել տարածաշրջանի առաջատար օրենքներից.
«Որոշ խմբեր թերահավատորեն էին վերաբերվում, կարծում էին՝ օրենքը չի աշխատի, բայց պարզվում է՝ մենք պատրաստ էինք այս տիպի խստություններին: Բոլորս էլ ուզում էինք ունենալ ծխախոտից ազատ միջավայր և երիտասարդների ու դեռահասների համար հասանելիությունը հասներ նվազագույնի: Տարբեր հաշվարկներով՝ այդ թվում հիվանդությունների կանխարգելման կենտրոնի վերահսկման՝ ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ օրենքը գործում է մոտ 95 %-ով: Ցավալին այն է, որ կառավարական հաստատություններում ավելի շատ են խախտում օրենքը, քան սրճարաններում ու ռեստորաններում, որտեղ մենք ավելի շատ էինք սպասում խախտումներ: Գիտեմ, որ Հայաստանում ևս աշխատանք է տարվում, մեր հայ գործընկերների հետ ունենք միասնական նախագիծ ու համագործակցում ենք»:
Ծխելու արգելքի, կամ ինչպես Վրաստանում են անվանել՝ փոխադարձ հարգանքի օրենքի կիրառման առումով ամենադժվարը պաշտոնյաներն են, խնդիրներ կան բուժական հաստատություններում՝ ասում է Ստուրուան ու հիշեցնում, որ պետությունը ընթացքում որոշակի զիջումների է գնացել. օրենքը մեղմացվել է, օրինակ՝ բուժական հաստատությունների բակում մասամբ թույլատրվել է ծխելը, աչքից հեռու՝ ծխելու տեղեր են հատկացվել նաև բուհերի բակերում:
Վրաստանում 1.1 միլիոն մարդ ծխախոտ է օգտագործում: Տարեցտարի ավելանում է ծխող կանանց թիվը: Վրաստանում տարեկան ավելի քան 500 միլիոն տուփ ծխախոտ է վաճառվում` ընդհանուր մոտ 600 միլիոն դոլար արժողությամբ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ծխախոտի պատճառած վնասից տարեկան 11 հազար մարդ է մահանում, 3 հազար մարդ` պասիվ ծխելուց: Վրաստանը ծխախոտի վերահսկողության շրջանակային կոնվենցիայի անդամ տասնհինգ երկրներից մեկն է: