
Ի հիշատակ Սերգեյ Փարաջանովի. այսպես էր խորագրված մարտի 28 -ին Թբիլիսիի հայ հասարակական գործիչների ու գրողների Խոջիվանքի պանթեոնում հայ-վրաց բարեկամության ամենաամուր կապող օղակներից մեկի՝ Փարաջանովի պատվին ևս մեկ նռնենու շիվի կյանքի կոչելու արարողությունը:
Միջոցառումը խորհրդանշական էր. նռնենու շիվին լցվեց Փարաջանովի գերեզմանից բերված մի բուռ հող, իսկ վայրն ընտրվել էր Փարաջանովի մոտ ընկեր՝ նկարիչ Գայանե Խաչատրյանի շիրիմի հարակից տարածքում: Այստեղ նաև Փարաջանովի խորհրդանշական շիրիմի տեսք էին տվել քարե խաչին, որտեղ էլ տնկվեց 5 նռնենու շիվերից թվով երկրորդը: Առաջինը վրաց ռեժիսոր Խոսե Մաջիներեն ու Թբիլիսիի Թումանյանի տուն կենտրոնի, Երևանի Փարաջանովի տան, ինչպես նաև «Վրաստան» թերթի ու Վիրահայոց թեմի ներկայացուցիչները Մաջիներեի նախաձեռնությամբ տնկել էին Թբիլիսիի բուսաբանական այգում:
Շիվերը հինգն են՝ պատմությունն էլ՝ ևս խորհրդանշանական: Մաջիներեն իր նկարած ֆիլմի պրեմիերայի ժամանակ նվեր է ստացել նռնենի, որը ժամանակի ընթացքում հինգ շիվ է տվել, ինքն էլ որոշել է ի պատիվ Փարաջանովի՝ տարածել դրանք Թբիլիսիում:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան հայ ու վրաց գրողներ, իրենց բանաստեղծությունները կարդացին՝ նվիրված Փարաջանովին: Մեծ ռեժիսորի հետ կապված իր հուշերով կիսվեց նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ով նաև առաջարկեց Խոջիվանքում տեղադրել Փարաջանովի արձան:
Միջոցառման ուղիղ միացումը կարող եք դիտել այստեղ




