«Եվրոպական Վրաստան» կուսակցության լիդերներից մեկը՝ Էլենե Խոշտարիան ևս գիշերն անցկացրել է Ռուսթավելի պողոտայում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչն ասում է՝ այսօր Վրաստանում փաստացի աննախադեպ համախմբում է տեղի ունեցել` բոլոր քաղաքական խմբերը միավորվել են՝ բացառությամբ «Վրացական երազանքի», իսկ պատճառը մեկն է․
«Որովհետև Բիձինա Իվանիշվիլին որոշեց խաբելու ճանապարհով ժողովրդից խլել ընտրության իրավունքը։ Սա կրիտիկական սահմանագիծն է, որը տանում է դեպի անդունդ։ Խոսք չկա այն մասին, որ այստեղ կանգած բոլոր մարդիկ ունեն նույն նպատակը։ Ընտրության իրավունքը խլելը, ժողովրդի կամքին դեմ գնալը կրիտիկական սահմանն էր։ Բոլորս պետք է պայքարենք, որ ետ բերենք այդ իրավունքը, ու հետո թող ժողովուրդը որոշի՝ ում է ուզում տեսնել իշխանության, ում ընդդիմության շարքերում։ Բիձինա Իվանիշվիլին ծայրահեղության ճանապարհով գնաց, ու ստացավ շատ կոնսոլիդացված բողոք, որը կկրի պերմանենտ բնույթ։ Գիշերն անցկացրել եմ այստեղ, բազմաթիվ քաղաքացիների հետ միասին։ Սա մարտական տրամադրվածություն է, որն անրաժեշտ է, որպեսզի ազատվենք այս ավտորիտար ռեժիմից։ Մինչև վերջ լինելու ենք այստեղ, քանի որ այընտրանք չկա»։
Խոշտարիան ասում է՝ լինելու են Ռուսթավելի պողոտայում, դիմելու են բողոքի տարբեր մեթոդների՝ մինչև ժողովրդին չվերադարձնեն ազատ ընտրության իրավունքը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Իվանիշվիլին հեռանա, և տեղի ունենան համամասնական ընտրություններ։