Իմ օրերը տողեր, տողերն իմ օրեր․․․ արդեն 3 տարի է ինչ Անահիտ Բոստանջյանի չապրած օրերը տողեր են դարձել։
2017 թվականի հունվարի 8-ին ընդհատվեց հայ-վրացական ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ Անահիտ Բոստանջյանի կյանքը։ Մի քանի տասնյակ բանաստեղծական ու թարգմանական գրքերի ու ժողովածուների հեղինակ է Բոստանջյանը, Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության հայերեն հրատարակությունների խմբագիր, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր, «Վրաստան» թերթի բաժնի վարիչ, հայաստանյան Օքրո Օքրոյանի անվան հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչ, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, շարքը շարունակելի է։
Խմբագրական ու հրապարակախոսական գործունեության համար Բոստանջյանն արժանացել է բազմաթիվ պարգևների ու շնորհակալագրերի, Վաժա Պշավելայի մրցանակի դափնեկիր է, Վրաստանի Պատվո շքանշանակիր, Նիկո Նիկոլաձեի անվան մրցանակակիր, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր, սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալակիր:
Վրաց մշակույթի դեսպան կոչումը, որ Բոստանջյանը ստացել էր Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից, թերևս լավագույնս է բնութագրում հայ –վրացական գրականությունները միմյանց կամրջող Բոստանջյանական առաքելությունը։ Գործը շարունակելու միաձայն որոշում է ընդունվել Բոստանջյանական ընտանիքի կողմից։ Արդեն տպագրվել ու ընթերցողին է հանձնվել «Ես ամենուր եմ» ժողովածուն, որում նրա թաքուն մտորումներն ու ապրումներն են՝ արձակ ու չափածո տողերում: Ապրում է նաև «Կամուրջ» տարեգիրքը, որ Բոստանջյանի ամենասիրելին էր։ Շարունակվում է Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու ավանդույթը, որը ևս Բոստանջյանի նախաձեռնությամբ է Թբիլիսի բերվել։
Այս 3 տարիների ընթացքում տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել, մրցույթներ, գրական լսումներ՝ նրա ֆիզիկական բացակայությանը հակադրելով կենդանի ներկայությունը՝ բանաստեղծությունների ու դրանցից ծնված երգերի միջոցով։ «Թույլ չտվեցի օրերիս երբեք խաղալիք լինել այս կյանքի ձեռքին»,- գրում է Անահիտ Բոստանջանը։