«Սովորական հայ տղա» Դավիթ Մանուչարովը, ինչպես ինքն է իրեն անվանում, այնքան էլ սովորական չի համարվում Հնդկաստանում` կինոյի սիրահարների համար:
Դավիթին այնտեղ ճանաչում ու երկրպագում են. երիտասարդ թբիլիսահայ խոստումնալից մարզիկը, որ իր ամբողջ կյանքը նախ ուսմանն, ապա էքստրեմալ սպորտին էր նվիրել, նաև համահայկական խաղերի առաջին մասնակիցներից է, չէր էլ կարող պատկերացնել, որ կդառնա հնդկական մի շարք հայտնի ֆիլմերի գլխավոր դերակատար ու Հնդկաստանի քաղաքներում ստիպված կլինի անվտանգության ուղեկցությամբ շրջել` երկրպագուների բանակից փրկվելու համար: Այս ամենը Դավիթը պատմում է ամաչելով: Հնդկաստանյան իր փառքի մասին խոսել չի սիրում: Կատակով ասում է` ծածուկ, գաղտնի էր պահում իր հայտնի լինելը: Արդեն 6-րդ տարին է Դավիթը հնդկական կինոինդուստրիայի ճանաչված դեմքերից է: Փոքր դիպվածը նրան Թբիլիսիից Հնդկաստան է հասցրել: Ընկերներից մեկի հորդորով մի քանի տարի առաջ Թբիլիսիում մի քաստինգի մասնակցեց. այսինքն ոչ թե մասնակցեց, այլ հասցրեց միայն ներս մտնել. ժյուրին ոտքի կանգնեց, ծափահարեց ու հայտարարեց` Դավիթը ֆիլմում խաղալու է գլխավոր դերը:
Հիմա նրա մասնակցությամբ տասնյակ ֆիլմերը, սոցիալական հոլովակները, տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ ունեն:
Պանդեմիան իր շտկումներն է արել նաև Դավիթի ծրագրերում. մի քանի խոստումնալից պրոյեկտներ են չեղարկվել: Պանդեմիան է նաև պատճառը, որ Դավիթը ժամանակավոր վերադարձել է տուն, ու նրան հնարավոր եղավ հանդիպել Թբիլիսիում` «Վրաստան» թերթի խմբագրակազմի նախաձեռնությամբ` Վրաստան թերթ-Ալիք մեդիա համագործակցության շրջանակում` Վիրահայոց թեմի «Թումանյանի տուն» գիտական-կրթական կենտրոնի հյուրընկալ հարկի տակ: Դավիթն ասում է` հենց այսպիսի մթնոլորտն ու միջավայրն է պակասում հեռավոր Հնդկաստանում` միլիոնավոր կինոսիրահարների, երկրպագուների կողքին, օրական 20 ժամ աշխատանքի ռեժիմում նա կարոտում է իր երկու հայրենիքները` ծննդավայյր Վրաստանն ու պատմական հայրենիք Հայաստանը: Հենց Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան դիվանագետներից մեկի ջանքերի շնորհիվ է, որ նրան հաջողվել է մուտք ունենալ նախ Հնդկաստան, ապա` կինոաշխարհ, որի ծավալներն անհամեմատելի մեծ են:
Բոլոր ֆիլմերում խաղում է առանց դուբլյորի` բացառություն է միայն ձայնային կրկնօրինակումը: Այնպես է ստացվել, որ կյանքում լավատես, ժպտերես Դավիթը ֆիլմերում մարմնավորում է գլխավոր բացասական հերոսներին:
Դավիթը խոսում է 6 լեզվով: Ասում է` կյանքում ամեն ոլորտում փորձել է իրեն: Ներկան հագեցած է մշակույթով, որին երբևէ ծանոթ չի եղել, սակայն կարճ ժամանակում իրենն է դարձել, այդ գործում օգնել են ընտանիքի ու ընկերների աջակցությունը, հավատը` սեփական ուժերի նկատմամբ:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։