Վրաստանի քաղավիացիայի ոլորտի փորձագետ Էդուարդ Մնացականյանի գնահատմամբ՝ հունգարական Wizz air-ը Եվրոպայի առաջատար ավիաընկերություններից է և հասցրել է իրեն լավագույնս դրսևորել բյուջետային ընկերությունների վարկանիշում։
Փորձագետը խոսում է Վրաստանի օրինակով ու ասում, որ Wizz air-ն ազդեցությունն է ունեցել ինչպես ավիացիոն զարգացման, այնպես էլ ենթակառուցվածքների ու օտարերկրյա զբոսաշրջիկների համար Վրաստանը գրավիչ դարձնելու տեսանկյունից։
«Եթե Վրաստանի օրինակով խոսենք, կարող ենք տեսնել, որ Wizz air-ն այստեղ պրոգրեսիվ կերպով զարգանում է, 2012 թվականից վրացական ավիաշուկայում է, ընկերության հաշվեկշռում ավելի քան 100 օդանավ կա, այսօր արդեն նաև Քութայիսի օդանավակայանում է ներկայացված։ Հայաստանի համար ևս նմանօրինակ արդյունքը սպասելի է։ Հայաստանի բնակիչները ևս հնարավորություն կունենան մատչելի գներով օգտվել թռիչքներից, իսկ մի շարք եվրոպական քաղաքների համար սա հնարավորություն է՝ իմանալ ինչ է Հայաստանը, այցելել ՀՀ»։
Ավիափորձագետի կարծիքով՝ կանխատեսումները տարբեր կարող են լինել, անվիճելի է այն, որ Wizz air-ը առաջատար ավիափոխադրող է, ու բարձր է պահում վարկանիշը՝ ոչ միայն ուղևորների և ուղղությունների թվով, այլև խստորեն հետևում է սպասարկման որակին և թռիչքի անվտանգությանը։ Մնացականյանն ասում է, թե սրանք են այն հիմնական պատճառները, որոնք ստիպում են հավատալ, որ Հայաստանում Wizz air-ի զարգացման համար ներդրված բոլոր ջանքերն արդարացվելու են։
Հիշեցնենք, որ հունգարական Wizz Air լոուքոսթերը հայտնել է հայկական շուկա մտնելու մասին։ Երևանում արդեն պաշտոնապես ներկայացվել են ավիափոխադրողի ծրագրերը: Երևանից՝ Վիեննա և Վիլնյուս։ Սրանք առաջին ուղղություններն են, որոնցով տրվելու է ընկերութան թռիչքների մեկնարկը ՀՀ-ում։
Wizz air-ը ներկայումս Քութայիսիից չվերթներ է իրականացնում մոտ 20 ուղղություններով՝ այդ թվում Վարշավա, Բեռլին, Վիլնյուս, Լառնակա, Բուդապեշտ, Սալոնիկի, Միլան, Լոնդոն, Աթենք, Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Պրահա։