Տեսանյութ. Ավինյան. Հանձնաժողովը երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լուծման արդյունավետ ձևաչափ

Հայ-վրացական միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի 10-րդ նիստին իր ելույթում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել, որ երկարատև ընդմիջումից հետո երկրների համատեղ ջանքերով հնարավոր է եղել վերսկսել հանձնաժողովի աշխատանքները:

Ավինյանը վստահ է, որ  հանձնաժողովը կարող է դառնալ երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի քննարկման ու լուծման արդյունավետ ձևաչափ: Հանձնաժողովի հիմնական նպատակը երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն է և համագործակցային նոր ուղղությունների մշակումը, նաև երկկողմ մարդասիրական կապերի ամրապնդումը: Հանձնաժողովը նոր հեռանկարների հնարավորություն է տալիս՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության ու այլ ոլորտներում:

Ավինյանը շեշտադրել է նաև էներգետիկայի ու տրանսպորտային ոլորտում հեռանկարային համարվող ծրագրերը, որոնք միտված են երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը:

 

«Այս հանձնաժողովը Հայաստանի և Վրաստանի երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի մեր հերթական ապացույցն է: Մեր կառուցողական գործընկերությունը ներառում է երկկողմ միջպետական կապերի բազմաթիվ ուղղություններ, ու միանշանակ է, որ միջկառավարական հանձաժողովը ևս կնպաստի այս համագործակցության խորացմանը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ մեր հարաբերություններին ու կարող ենք փաստել, որ այսօր ՀՀ-ի և Վրաստանի քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, և մեր երկու երկրների վարչապետերի հստակ հանձնարարականն է նաև տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը հասցնել երկու հարևան և բարեկամ երկրներին հարիր մակարդակի»:

Հայ-վրացական հարաբերերություններում կարևոր տեղ ունի գործարարների միջև համագործակցությունը, այս առումով հատկանշական է, որ հանձնաժողովի շրջանակներում նախատեսված է հայ-վրացական գործարարական համաժողով:

Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է  հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։