Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահի և դիտորդներից մեկի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Թիվ 69 ընտրատեղամասում ընտրություն է կատարվել քվեախցից դուրս։ 48 համարի օգտին քվեարկած ընտրողն այնպես է արել, որ հանձնաժողովի անդամներին նկատելի լինի իր քվեաթերթիկը: Դիտորդներից մեկը արձագանքել է, պատռել տվյալ քվեաթերթիկը՝ վեճի բռնվելով ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ժորժիկ Սահարյանի հետ:
Հանձնաժողովի անդամների որոշմամբ, ահազանգ է կատարվել ոստիկանություն, ինչից հետո ոստիկանները ընտրատեղամասից հեռացրել են դիտորդին:
«Վրաստանի խորհրդարանականների հասարակություն» կազմակերպության դիտորդ Սոփիկո Գելենիձեն «Ալիք մեդիային» ասել է, որ հանձնաժողովի անդամներն իրենք են սադրում, խոչընդոտում խախտումների գրանցմանը կամ էլ փորձում համոզել դրանք չարձանագրել:
Ախալքալաքիից և Նինոծմինդայից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանը, որ շրջում է Ախալքալաքիի գյուղերով, լսելով Գումբուրդոյի միջադեպի մասին, այցելել է նաև Գումբուրդո, ինչպես ինքն է ասել՝ հասկանալու իրավիճակը և խաղաղության կոչ անելու: