Տեսակետների շարք. Սոնա Բաբայան

«Տեսակետների շարք՝ էթնիկ փոքրամասնությունների կանանց աշխատանքային պրակտիկայի մասին» նախագծի շրջանակներում, «Union Freya»-ի և «Ալիք Մեդիայի» համագործակցությամբ ու «Վրաստանում կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ ներկայացնում ենք էթնիկ փոքրամասնությունների կանանց աշխատանքային փորձի մասին հոդվածաշար։ Մեր զրուցակիցն է Ծալկայի մունիցիպալիտետի Դարաքով գյուղի հանրկրթական դպրոցի ուսուցչուհի Սոնա Բաբայանը:

Ինչպիսի՞ն է ձեր ուղին դեպի բարձրագույն կրթություն: Ի՞նչ փուլեր եք անցել մինչ մասնագիտություն ընտրելը։

Ծալկայի մունիցիպալիտետի Նարդևան գյուղի հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակեցի Թբիլիսիի պետական ​​համալսարանում՝ «1+4» ծրագրով, իսկ մեկամյա ծրագրից հետո ընտրեցի վրաց բանասիրությունը՝ մեր պետական ​​լեզուն խորությամբ սովորելու համար և որ հետագայում օգնեմ մեր երեխաներին սովորել լեզուն:

Ի՞նչը հանգեցրեց ձեր մասնագիտական ​​ընտրությանը:

Ուսուցչի մասնագիտությունն ինձ դեռ դպրոցական տարիներից էր դուր գալիս, և դա հանգեցրեց իմ մասնագիտության ընտրությանը։ Եվ ինչն է հետաքրքիր՝ արդեն երկրորդ կուրսում, երբ հնարավորություն ունեցա ընտրելու երկրորդ մասնագիտություն, ընտրեցի հայագիտությունը։ Այսինքն, փաստորեն, ես իմ առաջին մասնագիտությամբ վրացի բանասեր եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ հայագետ։

Ցավոք սրտի, 10 տարի առաջ, երբ ավարտեցի դպրոցը, վրաց լեզվի ուսուցումը շատ ցածր մակարդակի վրա էր, և մենք չէինք կարողանում վրացերեն խոսել, ինչը մեզ համար՝ որպես Վրաստանի քաղաքացիների, բազմաթիվ խոչընդոտներ էր ստեղծում։

Համալսարանն ավարտելուց հետո սկսեցի աշխատել Ծալկայի մունիցիպալիտետի Դարաքով գյուղի դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական:

Ո՞ր ոլորտներում եք աշխատել՝ մասնավոր կամ պետական:

Իմ հիմնական գործունեությունը դպրոցում որպես օգնական ուսուցիչ աշխատելն է եղել, և հիմա, երբ հայալեզու դպրոցներն արդեն անցնում են երկլեզու կրթության, ես օգնում եմ այլ առարկաների ուսուցիչներին դասեր կազմակերպելու և երկլեզու դասեր անցկացնելու գործում։

Ի՞նչ խոչընդոտներ եք հաղթահարել ուսման կամ աշխատանքի ընթացքում:

Համալսարան ընդունվելու առաջին տարին դժվար էր, քանի որ լեզուն չգիտեի և ստիպված էի հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, և գրեթե բոլոր դժվարությունները կապված էին լեզվի չիմացության հետ։ Ես նույնիսկ վրաց գրականություն չգիտեի, և քանի որ ուզում էի բանասիրական ֆակուլտետ ընդունվել, ստիպված էի շատ գեղարվեստական գրքեր կարդալ՝ փաստորեն այն, ինչ պետք է անեի դպրոցում 12 տարվա ընթացքում:

Ի՞նչ է ձեզ տալիս էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ լինելը: Երբևէ զգացե՞լ եք խտրականության դրսևորում էթնիկ պատկանելության պատճառով:

Էթնիկ փոքրամասնությունների համար համալսարան ընդունվելը հեշտ է՝ «1+4» ծրագրով և մայրենի լեզվով, սակայն դժվարություններն սկսվում են ընդունվելուց հետո` այն առումով, որ մենք վրաց լեզվի քերականությունը բացարձակապես չգիտենք։ Ամենավատն այն է, որ մինչև մայրաքաղաք չտեղափոխվեցինք, վրացիների հետ գրեթե հարաբերություններ չունեինք, վրացերեն չէինք խոսում։

Ձեր կարծիքով` ի՞նչ խոչընդոտների են հանդիպում էթնիկ փոքրամասնությունների կանայք աշխատանքի մեջ:

Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց համար լեզվական խոչընդոտը շատ կարևոր դեր է խաղում նրանց կարիերայում: Պետք է շատ շփումներ ունենալ վրացիների հետ, հաճախ ճամփորդել Վրաստանի տարածքում և լեզվի ուսուցման առումով ձեռք բերված գիտելիքները կիրառել։