«Տեսակետների շարք՝ էթնիկ փոքրամասնությունների կանանց աշխատանքային պրակտիկայի մասին» նախագծի շրջանակներում, «Union Freya»-ի և «Ալիք Մեդիայի» համագործակցությամբ ու «Վրաստանում կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ ներկայացնում ենք էթնիկ փոքրամասնությունների կանանց աշխատանքային փորձի մասին հոդվածաշար։ Մեր զրուցակիցն է հետաքննող լրագրող, հետազոտող, Հետաքննող լրագրողների «Այ ֆակտ» միության թղթակից Աիդան Յուսիֆը։
Ինչպիսի՞ն է Ձեր ուղին դեպի բարձրագույն կրթություն: Ի՞նչ փուլեր եք անցել մինչ մասնագիտություն ընտրելը։
Իհարկե, իմ անցած ճանապարհը հեշտ չէր։ Մասնագիտությանս վերաբերյալ նույնիսկ գիտակցաբար որոշում չեմ կայացրել, ուղղակի ուզում էի ուսումս շարունակել, թեև երբեք չէի պատկերացնում, որ հնարավորություն կունենամ սովորել Թբիլիսիի պետական համալսարանում կամ որևէ այլ բարձրագույն հաստատությունում։ 2007-ին ես չէի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է քննություն հանձնեմ մի լեզվից (վրացերեն), որի 20%-ին անգամ չեմ տիրապետում։ Ուղղակի մտածում էի, որ պետք է շարունակեմ ուսումս, կապ չունի, թե որտեղ կհայտնվեմ, ուղղակի պետք էր ինչ-որ տեղից սկսել։
Ես հանձնեցի ազգային քննությունները, բայց չընդունվեցի համալսարան, հետո ընդունվեցի «Վրաստանի համալսարանի» մասնագիտական երկամյա ծրագրով և սկսեցի սովորել լրագրություն, այնուհետև անցա բակալավրի ուսուցման։ Սկզբում, սակայն, շատ դժվար էր, քանի որ երբ նստում էի դասերին ու լսում դասախոսին, հասկանում էի ընդամենը 20%-ը, հետո հաջորդ դասախոսության համար պետք է եռակի աշխատանք կատարեի՝ դեռ նախորդ նյութը հասկանալու և հաջորդ դասին պատրաստվելու համար։
Նախ մասնագիտական, հետո բակալավր։ Այս տարիների ընթացքում ես միաժամանակ սովորում էի և՛ վրացերեն, և՛ օտար լեզու, այդուհանդերձ կարողացա զարգանալ և կազմակերպվել՝ իմ մասնագիտական աճի համար։
ԲՈւՀ ընդունվելիս ի՞նչ խոչընդոտի եք բախվել։
Երբ երիտասարդը գյուղից քաղաք է գալիս, նոր միջավայր, դա արդեն դժվար է, իսկ մեզ համար կրկնակի դժվար էր։ Սակայն, երբ ունի նպատակ և գիտի, որ ետդարձ չկա, մոտիվացիան մեծանում է՝ դարձնելով նրան ավելի համարձակ։
Բազում խոչընդոտներ․․․ընդհակառակը՝ ընտանիքում, երբ տեսան իմ վճռականությունը, թե ինչպես եմ ուզում սովորել, ծնողներս այդ 4 տարիների ընթացքում աջակցեցին ինձ թե՛ բարոյապես, թե՛ ֆինանսապես։
Հիշում եմ միայն, որ երբ ընդունվեցի մասնավոր ԲՈւՀ, ուսման վարձը շատ թանկ էր, և հայրս մեր տունը գրավ դրեց բանկում, որպեսզի վարկ վերցնի իմ ուսման համար: Հետո վերջին մեկ տարում, երբ գումարը կրկին չէր հերիքում, մայրս վաճառեց իր ոսկիները։
Ինչ վերաբերում է ավանդույթներին, ապա ես մանկուց մեծացել եմ մի միջավայրում, որտեղ նպատակն ու կրթությունն առաջնային են եղել։ Ծնողներս էլ բարձրագույն կրթություն ունեն։ Եղել են պահեր, սակայն, երբ ես դեռ ստիպված էի կոտրել որոշ կարծրատիպեր, օրինակ այն, թե աղջկա գործն ընտանիքն ու ընտանիքի հոգսն է։
Ի՞նչը հանգեցրեց Ձեր մասնագիտական ընտրությանը։
Իմ մասնագիտությունն ավելի շատ անձնական որակների հետ է կապված։ Մանկուց սիրել եմ ուսումնասիրել տարբեր իրադարձություններ, հետո վերլուծել ու օբյեկտիվորեն փոխանցել դրանք։ Ես միշտ այդպիսին էի, եթե ինչ-որ բան պատահում էր, հեռվից չէի նայում, ուզում էի իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և հետազոտություն էի սկսում, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք համակարգիչներին հասանելիություն չունեինք, ես գրքերն էի «քրքրում»:
Ո՞ր ոլորտներում եք աշխատել՝ մասնավոր թե պետական։
Համալսարանն ավարտելուց հետո գիտեի, որ ուղղակի չեմ կարող լրագրող աշխատել, քանի որ լեզվական պատնեշը դեռ գոյություն ուներ։ Սկզբում սկսեցի աշխատել մասնավոր հատվածում։ Աշխատել եմ որպես թարգմանիչ, հետո օպերատոր էի բժշկական ընկերություններից մեկում, այնուհետև հնարավորություն ընձեռվեց աշխատելու իմ մասնագիտությամբ, սակայն հասկացա, որ դեռևս չունեմ անհրաժեշտ գիտելիքներ լավ լրագրող լինելու, լավ հոդվածներ գրելու համար, հատկապես, երբ ուզում էի հետաքննող լրագրող դառնալ։ Փաստորեն, ԲՈՒՀ-ն ավարտելուց 7 տարի անց նորից պետք է սովորեի լրագրություն, կարելի է ասել զրոյից, ինչում ինձ օգնեցին շատ լավ մասնագետներ։
Հանրային ծառայությունում, որպես այդպիսին, համագործակցել եմ ՆԳՆ-ի հետ որպես թարգմանիչ, այսինքն, երբ մարդը պետական լեզուն չի հասկանում, թարգմանչի ծառայություններն օրենքով սահմանված են, և ես այդ հաստիքով աշխատել եմ մոտ 1 տարի։ Հետո, ինչպես արդեն նշեցի, աշխատեցի տարբեր մասնավոր ընկերություններում, վերջապես սկսեցի սովորել և աշխատել հետաքննական լրագրության ոլորտում։
Ի՞նչ խոչընդոտներ եք հաղթահարել ուսման կամ աշխատանքի ընթացքում։
Առաջին խոչընդոտը լեզուն է՝ լեզվին չտիրապետելը, երկրորդը՝ էթնիկապես վրացի չլինելը, և երրորդը՝ կին լինելը: Եվ այս բոլորը միասին շատ դժվար էր, սակայն, երբ գիտես, թե ինչ ես ուզում, գիտես, թե ինչի ես ուզում հասնել, անում ես դա, չնայած դրան հասնելը կարող էր և ավելի հեշտ լինել՝ ավելի քիչ սթրեսով:
Ի՞նչ է Ձեզ տալիս էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ լինելը: Երբևէ զգացե՞լ եք խտրականության դրսևորում էթնիկ պատկանելության պատճառով։
Ես հիմա իմ կյանքի մի փուլում եմ, երբ իմ էթնիկ պատկանելությունը ինձ միայն օգնում է: Այն, որ ես տիրապետում եմ մի քանի լեզուների, կարող եմ աշխատել երկրի շատ մարզերում, հասկանալ ինչպես վրացիների, այնպես էլ էթնիկ ադրբեջանցիների դիրքորոշումը, չեմ դժվարանում նույնիսկ կապ հաստատել և աշխատել այլ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Օրինակ, կարող եմ հասկանալ նաև էթնիկ հայերի դիրքորոշումը, խոսել նրանց խնդիրների մասին: Բացի այդ, այն, ինչ ես մինչ այժմ հաղթահարել եմ իմ մասնագիտության առումով, այժմ ինձ օգնում է։
Եթե մինչ այժմ իմ էթնիկ պատկանելությունը խանգարում էր, հիմա դա ինձ ուղղակի օգնում է, օրինակ՝ շատ պարզ՝ հետաքննական լրագրության առումով, կարող եմ ցանկացած պատմության համար, ցանկացած պահի գնալ Մառնեուլի, փնտրել և գրել։ Սակայն, օրինակ, երբ ես աշխատում եմ մեծ նյութի վրա, որը հրապարակվում է իմ անուն-ազգանունով, վրացիները կենտրոնանում են նրա վրա, թե ով է հեղինակը և մեկնաբանություններում կարող են շեշտը դնել իմ ազգային պատկանելության վրա, և ոչ նյութի թեմայի:
Ձեր կարծիքով ի՞նչ խոչընդոտների են հանդիպում էթնիկ փոքրամասնությունների կանայք աշխատանքում։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ կանանց առջև ծառացած բոլոր խոչընդոտները, գենդերային խնդիրները, որոնք դեռևս խնդիր են մնում մեր երկրում, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց համար կրկնակի են, այդ թվում՝ սովորելու, այդ իրավունքի համար պայքարելու, նույնիսկ լուր ստանալն ու տեղեկատվության հասանելիությունը:
Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ կանանց համար՝ լինեն նրանք ազգությամբ հայ, թե ադրբեջանցի, կարիերային քայլեր ձեռնարկելը դժվար է՝ կախված իրենց ավանդույթներից։ Պայմանականորեն, եթե վրացու համար կա աշխատանքի չորս հնարավորություն, ապա էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ կնոջ համար այդ հնարավորությունը կրկնակի կրճատվում է։ Այն, որ հասարակության մեջ հնարավորությունները հավասարապես չեն բաշխվում բոլորի համար, դա արտահայտվում է բոլոր մակարդակներում։