Տեղի է ունեցել ՀԿ-ների հեղափոխություն․ Իվանիշվիլիի հայտարարության հետքերով

Երկրում ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարություններից մեկը հասարակական կազմակերպություններին ուղղված մեղադրանք է առ այն, որ «վարդերի հեղափոխությունը» ՀԿ-ներն են իրականացրել․ «Այս մարդիկ՝ Սահակաշվիլին, Բոկերիան, Մերաբիշվիլին, Ադեիշվիլին, Գվարամիան, Կեզերաշվիլին և այլք, Վրաստանի կառավարության ղեկավարներ են նշանակվել հասարակական կազմակերպությունների իրականացրած հեղափոխությունից հետո։

Համառոտ

2004-2013 թվականներին Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանը և 2004-2012 թվականներին իշխող «Ազգային շարժման» ժամանակաշրջանը տարբեր կերպ են գնահատում, սակայն «վարդերի հեղափոխությունը» «գործակալների հեղափոխություն» անվանելը սուբյեկտիվ կարծիք է՝ առանց ապացույցների։

Վերլուծություն

Ապրիլի 29-ին «Վրացական երազանքը» ակցիա է անցկացրել՝ աջակցելով «գործակալների օրենքին»։ Իշխող կուսակցությունը կազմակերպել է հազարավոր մարդկանց մարզերից Թբիլիսի տեղափոխումը՝ ցույցին մասնակցելու նպատակով։ Ըստ լրատվամիջոցների՝ իշխող կուսակցությանը սատարելու համար Թբիլիսի բերված քաղաքացիների մեծ մասը պետական ​​ծառայողներ էին և նրանց ընտանիքի անդամները։

Բիձինա Իվանիշվիլին իր ելույթում երկար խոսել է հասարակական կազմակերպությունների մասին, որոնք, ըստ նրա, «հեղափոխություն են կազմակերպել», որից հետո կառավարության ղեկավարներ են նշանակվել Սաակաշվիլին, Բոկերիան, Մերաբիշվիլին, Ադեիշվիլին, Գվարամիան, Կեզերաշվիլին և այլք․

«2004-12 թվականներին մենք անցանք ամենադժվար տարիները, երբ երկիրը ղեկավարում էր ոչ թե ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, այլ դրսից նշանակված, օտարերկրյա գործակալության հեղափոխական կոմիտեն։ Հիշեցնենք, որ այդ մարդիկ՝ Սաակաշվիլին, Բոկերիան, Մերաբիշվիլին, Ադեիշվիլին, Գվարամիան, Կեզերաշվիլին և այլք, Վրաստանի կառավարության ղեկավարներ են նշանակվել ՀԿ-ների կազմակերպած հեղափոխությունից հետո»։

Իրականում, 2003 թվականի նոյեմբերին Վրաստանում ստեղծված իրավիճակից ելնելով կարելի է հետևություն անել, որ հեղափոխության համար գործակալների միջամտության կարիք չկար։ Բնակչությանն էլեկտրաէներգիա էր մատակարարվում կարճ ժամանակով, այն էլ՝ չհամակարգված, իսկ մարզերում ջրի և բնական գազի խնդիրներն էլ ավելի ծանր էին։ Կենսաթոշակը կազմում էր 14 լարի (41 լարի 2023 թվականի փետրվարի գնողունակությամբ), որը հաճախ «սառեցվում էր»։ 2002 թվականի Transparency International-Վրաստանի հրապարակած կոռուպցիայի ընկալման ինդեքսում Վրաստանը զբաղեցնում էր 85-րդ տեղը` առավելագույն 10-ից ունենալով ընդամենը 2,4 միավոր: Բացի այդ, բյուջետային հատվածի աշխատակիցներն ամիսներ շարունակ սպասում էին իրենց աշխատավարձին (հիմնականում կազմում էր մինչև 100 լարի), ճանապարհներին երթևեկությունը կարգավորում էին, այսպես կոչված, «գաիշնիկները», Էրգնեթիի շուկայում վաճառում էին գողացված մեքենաներ, մարդկանց առևանգում էին փրկագին պահանջելու նպատակով, կաշառքի դիմաց համալսարան ընդունվելը սովորական երևույթ էր։

2003 թվականի նոյեմբերի 2-ի ընտրությունների ժամանակ Վրաստանի պետական ​​կառույցներում կոռուպցիայի պատճառով ամիսներ շարունակ աշխատավարձեր ու թոշակներ չեն վճարվել։ Էներգետիկ համակարգում դեֆիցիտի պատճառով մարզեր և Թբիլիսի էլեկտրաէներգիա է մատակարարվել գրաֆիկով։ Գրեթե ամեն օր սպանություններ, կողոպուտներ ու գողություններ էին կատարվում, ինչն ակնհայտ վկայում է այդ ժամանակվա մամուլում։

Ընտրությունների օրը՝ նոյեմբերի 2-ին, այդ գործընթացը տեղի ունեցավ բացահայտ կեղծիքների պայմաններում, փակվեցին ընտրատեղամասերը, ջարդվեցին ընտրատուփերը, ծեծի ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ և այլն։

Ընտրություններում պաշտոնական թիմի հաղթանակի ակնկալիք այլեւս չկար։ Դա ապացուցեցին 2002 թվականի հունիսի 2-ի ինքնակառավարման ընտրությունների արդյունքները, որտեղ «Քաղաքացիների միությունը» Թբիլիսիում հավաքեց ձայների ընդամենը 2,5 տոկոսը և ընդհանրապես չմտավ Սակրեբուլո (Ավագանի)։ Սակրեբուլոյի նախագահ ընտրվեց «Ազգային շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։

2003 թվականի նոյեմբերի 2-ի ընտրություններում «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակության»՝ ISFED-ի և ԿԸՀ-ի զուգահեռ հաշվարկի պաշտոնական արդյունքներն ամբողջությամբ տարբերվում էին միմյանցից։

Ընդդիմության մի մասը չընդունեց ընտրությունների արդյունքները և իր կողմնակիցներին հավաքեց խորհրդարանի առջև, ընտրությունների կեղծումից դժգոհ մարդիկ ուղևորվեցին Թբիլիսի։ Չնայած ոստիկանության հակազդեցությանը, շատերը կարողացան հասնել մայրաքաղաք։ Անգամ անձրևոտ օրերը չթուլացրին հանրահավաքի մասնակիցների բողոքի ալիքը։ Տասնյակ հազարավոր մարդիկ խորհրդարանի դիմաց հավաքված՝ պահանջում էին նախագահի հրաժարականը։

Նոյեմբերի 22-ին «Ազգային շարժման» նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, իր կողմնակիցների հետ մուտք գործելով խորհրդարանի նիստերի դահլիճ, թույլ չտվեց նախագահ Շևարդնաձեին անցկացնել խորհրդարանի առաջին նիստը։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական տվեց։ 2004 թվականի հունվարի 4-ի նախագահական ընտրություններում Միխեիլ Սաակաշվիլիին ձայն տվեց ընտրողների 96 տոկոսը, իսկ նույն թվականի մարտի 28-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ազգային շարժումը» ստացավ ձայների 66 տոկոսը։ Ի տարբերություն 2003 թվականի նոյեմբերի 2-ի, 2004 թվականի մարտի 28-ի ընտրություններն անցան առանց բռնությունների։

Միջազգային դիտորդները քննադատական ​​եզրակացություն են արել 2003 թվականի նոյեմբերի 2-ի ընտրությունների վերաբերյալ. Նրանց գնահատմամբ՝ արդյունքները չեն արտահայտել վրաց ժողովրդի կամքը։ Ի հակադրություն` դրական են գնահատվել և՛ հունվարի 4-ի, և՛ մարտի 28-ի ընտրությունները։

Եզրակացություն

Թեև Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության 2004-2013 և «Ազգային շարժման» իշխանության 2004-2012 թվականները տարբեր կերպ են գնահատվում, սակայն «Վարդերի հեղափոխությունը» որակել որպես «գործակալների հեղափոխություն», սուբյեկտիվ կարծիք է՝ առանց ապացույցների։

Այն ժամանակվա կառավարությանը նվազագույն աջակցությունը, զուգահեռ հաշվարկների արդյունքները, բողոքի ակցիաներին մասնակցող մարդկանց թիվը, սոցիալական ծանր վիճակը, հասարակության կողմից իշխանափոխության ցանկությունը բացառում են այն ենթադրությունը, որ ՀԿ-ներն են նախաձեռնել հեղափոխություն՝ ժողովրդի կամքին հակառակ։

Այս պնդումը բազմիցս օգտագործել են «Վրացական երազանքի» ներկայացուցիչները։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնը կրկնել է 2023 թվականի մարտի 8-ի ճեպազրույցում՝ նշելով, որ «2003 թվականին գործակալների հեղափոխություն է եղել»։