«Քարթլի» առողջարանում բնակվող տեղահանված անձինք առողջապահության նախարարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել։ Նրանք պահանջել են մանրամասն և հստակ ծրագիր, թե երբ են ստանալու բնակարաններ։
Նրանց պահանջներից մեկն այն է, որ կառավարությունն արդեն պատրաստի շենքում գնի բնակարաններ կամ փոխանցի գումարը։
«Պարզ է, որ կառավարության կողմից սոսկ բանավոր խոստումները բավարար չեն։ Օրենքն այսքան տարի չի գործում։ Հետևաբար, մենք հիմա պատրաստ չենք փոխզիջումների, մեր կյանքն ամեն օր վտանգի տակ է։ Մեզ պետք են իրավական երաշխիքներ, ամեն մի մանրուքի պետք է ծանոթ լինենք, իմանանք, թե ինչ ժամկետներ են նախատեսված» — նշել է ցուցարարներից մեկը։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձել է հարցին՝ նշելով, որ տեղահանվածներն ունեն երկու ընտրություն. կարող են ընտրել բնակարան Թբիլիսիում, որի մեկ քառակուսու արժեքը կկազմի 550 դոլարին համարժեք լարի, և պետությունը կգնի այն, կամ սպասեն մինչև տարեվերջ, երբ կավարտվի իրենց համար նախատեսված բնակարանի շինարարությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ներքին տեղահանված անձանց, էկոմիգրանտներին և կենսապահովման գործակալությանը կոչ էր արել կարճ ժամանակում տարհանել նախկին «Քարթլի» առողջարանի քանդված շենքից տեղահանվածներին։
Նշենք, որ Քաթլի առողջարանում այժմ բնակվում է 140-150 ընտանիք, նրանք տեղահանվել են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, Աբխազիայից։ Ցուցարարների պնդմամբ՝ 2015 թվականին անցկացված հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ նրանց տրամադրված կացարաններն ապրելու համար պիտանի չեն։
լուսանկարը՝ interpressnews.ge-ի