![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-13-152457.png)
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կառավարության գործունեությունը հետաքննող քննչական հանձնաժողովը կգլխավորի «Վրացական երազանք»-ի անդամ Թեա Ծուլուկիանին։ Հանձնաժողովը որոշումը կայացրել է այսօր՝ փետրվարի 13-ին։
«Ես կցանկանայի ձեզ հաջողություն մաղթել, տիկին Թեա, և մենք վստահ ենք, որ այս հանձնաժողովը իսկապես նշանակալից դեր կունենա Վրաստանի նորագույն պատմության մեջ», — ասել է Գուրամ Մաճարաշվիլին. նա ներկայացնում է «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ» կուսակցությունը:
Հանձնաժողովի քարտուղար է ընտրվել «Ժողովրդի ուժ» կուսակցության անդամ Սոզար Սուբարին։ Ծուլուկիանին նիստում ասել է, թե քաղաքացիները հնարավորություն կտրվի տեղեկատվություն տրամադրել հանձնաժողովին:
Հանձնաժողովում կաշխատի ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
Ի դեպ, այս վերջին երկու կուսակցությունները «Վրացական երազանք»-ը լքել են 2024 թվականի վիճելի խորհրդարանական ընտրություններից հետո. իրական ընդդիմադիր կուսակցությունները, հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և գործընկեր երկրները նույնպես հարցեր ունեն այս ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ։ Ցուցարարները զանգվածային հանրահավաքներով պահանջում են նոր ընտրություններ։
Ժամանակավոր քննչական հանձնաժողովը ստեղծվում է 3 ամիս ժամկետով, սակայն նրա լիազորությունների ժամկետը կարող է երկարացվել մինչև 6 ամիս։ Փետրվարի 5-ին հանձնաժողովի ստեղծմանն աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 չլեգիտիմացված ներկայացուցիչներ։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց:
2025 թվականի օգոստոսի 7-ին լրանում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մեկնարկի 17 տարին։ Վերջին մեկ տարվա ընթացքում «Վրացական երազանք»-ն ավելի հաճախ է խոսում ՄԱՇ-ի կառավարության պատասխանատվության մասին։