Ծուլուկիանիի հանձնաժողովի բողոքից հետո Խազարաձեի դեմ հետաքննություն է սկսվել

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանական քննչական կոմիտեի նախագահ Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ դատախազություն բողոքից հետո ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի դեմ հետաքննություն է սկսվել:

Դատախազությունից վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին հաստատել են, որ Խազարաձեի դեմ հետաքննություն է սկսվել. վերջինիս սպառնում է մեկ տարվա ազատազրկում։

Խազարաձեի նկատմամբ հետաքննություն է անցկացվում Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք կամ մինչև մեկ տարի ազատազրկում «ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար»։

«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության իշխանության օրոք կատարված հանցագործությունները հետաքննող հանձնաժողովը մարտի 25-ին գործարար Ջեմալ Լեոնիձեի գործի քննության ժամանակ հրավիրել է Խազարաձեին։ Լեոնիձեն ՄԱՇ-ի կառավարությանը մեղադրում է իր ունեցվածքը զավթելու և իրեն ձերբակալելու համար, և պնդում է, որ այս գործում ներգրավված է նաև Խազարաձեն։

Խազարաձեն մարտի 25-ին արված գրառմամբ հետաքննչական հանձնաժողովն անվանել է «կրկես» և հրաժարվել գնալ խորհրդարան. «Ես, անշուշտ, մտադիր չեմ գնալ և մասնակցել այս կրկեսին։ Ասեմ նաև, որ չնայած Բիձինային ենթակա մուրուսիձեների կլանի դատարանի գոյությանը, ես երբեք արդարադատությունից չեմ խուսափել։ Այս դեպքում դիմեք դատարան, և եթե լուծելու բան ունեք, եկեք այնտեղ լուծենք»:

Մարտի 26-ին կայացած նիստում Ծուլուկիանին ասել է, որ իրենք դատախազություն են բողոքարկելու նաև Խազարաձեի կուսակից Բադրի Ջափարիձեի դեմ: Խազարաձեն և Ջափարիձեն ՄԱՇ կուսակցության իշխանության օրոք եղել են TBC բանկի բաժնետերերն ու ղեկավարները։

Հանձնաժողովի մասին

ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.

  • բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
  • սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
  • կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
  • 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
  • Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։

Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։

Հանձնաժողովում կաշխատի ութ մարդ.

  • «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
  • Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։

ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց:

Ծուլուկիանիի նախաձեռնությամբ Խազարաձեի դեմ դատախազություն կդիմեն