Ծուլուկիանիի հանձնաժողովը Ջափարիձեի դեմ դատախազություն կդիմի

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողովը դիմելու է դատախազություն՝ ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Բադրի Ջափարիձեի դեմ քրեական գործ հարուցելու համար։

Հարցը քվեարկության է դրվել այսօրվա՝ մարտի 26-ի նիստում, հիմք է ընդունվել քաղաքական գործչի բացակայությունը նիստից։

Քննչական հանձնաժողովը, որը ղեկավարում է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Թեա Ծուլուկիանին, երեկ՝ մարտի 25-ին, քննում էր «Մագնատի» ՍՊԸ-ի գործը, որին հրավիրված էր ընկերության սեփականատեր Ջեմալ Լեոնիձեն։ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության իշխանության օրոք նրան էր պատկանում «Մագնատի» ավտոլվացման կետերի ցանցը։ Ջեմալ Լեոնիձեն ՄԱՇ-ի կառավարությանը մեղադրում է իր ունեցվածքը խլելու և իրեն ձերբակալելու համար։ Նրա խոսքով՝ այդ գործում ներգրավված է եղել նաև «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից Մամուկա Խազարաձեն։ Ե՛վ Խազարաձեն, և՛ Ջափարիձեն ՄԱՇ-ի իշխանության օրոք եղել են TBC բանկի բաժնետերեր և կառավարիչներ։

Նիստին չէր ներկայացել նաև Խազարաձեն, ինչի պատճառով նրա դեմ դատախազություն դիմելու որոշում է կայացվել, և դատախազությունը քրեական գործ է հարուցել։

Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի համաձայն, «Ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելը» պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

«Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից Անա Նացվլիշվիլին վերոնշյալը հաշվեհարդար է որակել. «Սա նոր կամ առաջին դեպքը չէ, սա Իվանիշվիլիի կողմից հակահարված տալու և մարդկանց պատժելու փորձ է, քանի որ հենց այս մարդիկ են փորձել և արել ամեն ինչ, որպեսզի Վրաստանը չվերադառնա Ռուսաստանի ուղեծիր։ Այդ մարդիկ փորձեցին և ամեն ինչ արեցին, որպեսզի Վրաստանն ունենա Անակլիայի նավահանգիստը, որը Իվանիշվիլին արգելափակեց Ռուսաստանի հրահանգով»:

Հանձնաժողովի մասին

ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.

  • բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
  • սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
  • կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
  • 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
  • Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։

Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։

Հանձնաժողովում կաշխատի ութ մարդ.

  • «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
  • Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։

ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: