
Վրաստանի դատախազությունում «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավարման տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Իրակլի Օքրուաշվիլիի դեմ մեղադրանք է առաջադրվել: Օքրուաշվիլին, ինչպես մյուս ընդդիմադիրները, մեղադրվում է «Վրացական երազանք»-ի ստեղծած քննչական հանձնաժողով չներկայանալու համար։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, այն է՝ «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելը»։
Օքրուաշվիլին տարբեր ժամանակներում եղել է ՄԱՇ-ի կառավարության պաշտպանության, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարար. նա որևէ պաշտոն չի զբաղեցրել 2006 թվականի նոյեմբերից։ Օքրուաշվիլին «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում Թեա Ծուլուկիանիի նախագահությամբ գործող քննչական հանձնաժողով էր հրավիրվել ռուս-վրացական 2008 թվականի պատերազմի հետ կապված։
Նույն հոդվածով արդեն մեղադրանքներ են առաջադրվել և որպես խափանման միջոց կիրառվել է 50 հազար լարի գրավ ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ։
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
- Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: