Մառնեուլիի մունիցիպալիտետի կրթական ռեսուրս կենտրոնը դատապարտել է Կիրիխլո գյուղի հանրակրթական դպրոցի վրացերենի ուսուցիչ Ռախման Մուսաևի արարքը, որը նույն դպրոցի չորրորդ դասարանցիներին պատժել է` ծնկի իջեցնելով գրատախտակի մոտ։
«Ռեսուրս կենտրոնի համար նման արարքը բացարձակապես անընդունելի է։ Ուսուցիչն արդեն հրաժարականի դիմում է գրել, որը հաստատել է տնօրինությունը։ Հարցն ուսումնասիրել է բազմամասնագիտական թիմը, և ըստ այդմ` դպրոցը կանդրադառնա այս խնդրին»,- ասել է ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն։
Հատկանշական է, որ ուսուցիչ Ռախման Մուսաևը և դպրոցի տնօրեն Մեխման Մուսաևը դեռևս միջադեպի մասին տեսակետ չեն հայտնել:
MarneuliFM-ի փոխանցմամբ, դպրոցի մոտ ծնողներ են հավաքվել. նրանք ասել են, որ արդարացնում են Մուսաևի արարքը:
«Ռախմանը իմ բարեկամն է, լավ մարդ է, մեր գյուղի պատգամավորն է։ Մենք ուզում ենք, որ նա վերադառնա դպրոց: Ուրիշ ոչ ոք չի կարող գալ այստեղ և այսպես դասավանդել։ Ես ավարտել եմ այս դպրոցը և վրացերեն «բարև»–ից ավել ոչինչ չգիտեմ, երեխաները լավ վրացերեն են սովորում։ Մենք ուզում ենք, որ նա վերադառնա, հետ վերցնի իր հրաժարականի դիմումը և աշխատի»,- ասել է դպրոցի մոտ հավաքվածներից մեկը:
Մառնեուլիում ուսուցիչը աշակերտներին պատժել է․ գրատախտակի մոտ ծնկի բերել