Վրաստանում ծնողները շարունակում են ակտիվորեն պայքարել դպրոցներում վնասակար մթերքի վաճառքի դեմ՝ պահանջելով դպրոցներում սննդի տրամադրման ծրագիր ներդնել։
Նախաձեռնության հեղինակը «Ծնողները կրթության համար» հասարակական կազմակերպությունն է (ՀԿ), որի ներկայացուցիչ Մեգի Կավթուաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ հարցազրույցում նշում է, որ ամենաօրակարգային հարցերից է, քանի որ երեխաները կրթություն ստանալիս՝ դպրոցում կամ սոված են մնում, կամ սնվում են անառողջ։
Կավթաշվիլին ընդգծում է, որ ՀԿ-ում միավորված ծնողները, ովքեր Վրաստանի տարբեր մարզերից են, շատերը, ի դեպ, արևելյան Վրաստանից, ունեն նաև անդամներ Ախալցիխեից և ամենահեռավոր շրջաններից, միաձայն որոշել են բարձրացնել հարցը՝ արագորեն լուծում ստանալու համար։ Այս պահանջով մեկնարկած ստորագրահավաքը շարունակվում է՝ հարցը հենց խորհրդարանում քննարկման դնելու նպատակով․
«Այսպիսով առանձնացնում ենք երկու կարևոր հարց, առաջինը՝ դպրոցների բուֆետներն են (Ի դեպ, երկրում գործող դպրոցների 65 տոկոսում բուֆետ չկա,) որտեղ վաճառվում է վնասակար ու անառողջ սնունդ։ Մասնավորապես՝ չիփսեր, խմորային սնունդ, որը տապակվել է բազմիցս օգտագործված յուղի մեջ, անվորակ քաղցրեղեն։
Կրթօջախը բուֆետից ստացված եկամուտն օգտագործում է օրինակ դպրոցը տաքացնելու համար, իսկ բուֆետը ֆինանսավորվում է հենց ծնողների կողմից։ Ստացվում է, որ ֆինանսավորվում են մեր կողմից, սակայն մեր երեխաներին տրամադրում են անառողջ ու վնասակար սնունդ»։
Մեգիի խոսքով, երկրորդ հարցը վերաբերում է դպրոցներում անվճար սննդի ներդրման ծրագրին, որի ուղղությամբ պետությունը տարիներ շարունակ աշխատում է, սակայն դեռևս անարդյունք․
«Պետությունն ասում է, որ աշխատում է, բայց դեռևս դրա արդյունքը չենք տեսնում, ուստի մեր առաջնային պահանջն է, որ ժամանակին բուֆետներում վաճառքից հանեն վնասակար սնունդը, երկրորդ ու ավելի մասշտաբային պահանջը՝ սկսել դպրոցական սննդի տրամադրման ծրագիրը։
Մեր աշակերտների 11 տոկոսը, սոցիալապես անապահով է, սա վկայում է այն մասին, որ մեզ համար շատ կարևոր է այս ծրագրի ներդնումը»,– հավելում է Մեգի Կավթուաշվիլին։