
Թբիլիսիի Վակե թաղամասի վարչակազմը հայտարարություն է տարածել Ծկղնեթիում դեռահասի մահվան կապակցությամբ։
Ըստ հաղորդագրության՝ Փանչատուրիում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, էլեկտրական սարքավորումները տեղադրվել են ապօրինի և կապված չեն հրապարակի ենթակառուցվածքների հետ։
«Կիսում ենք ընտանիքի և հարազատների մեծ ցավը… Հետաքննությունը կպարզի դեռահասի մահվան ստույգ պատճառը։ Նաև կբացահայտվեն այն անձինք, որոնք ապօրինի կատարել են այդ աշխատանքը»,- նշել են վարչակազմից։
Ծկղնեթիում մահացած դեռահասը 16 տարեկան էր։ Տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ տղան մահացել է հրապարակում էլեկտրական լարերին հպվելու հետևանքով։ Այգու մոտակայքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
Դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում։