Ծիլոսանին հետապնդում է համարում իրեն «դավաճան» անվանելը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Նինո Ծիլոսանին «գործակալների մասին օրենքին» կողմ քվեարկելու համար իրեն «դավաճան» անվանած և մեքենայով իրեն ուղղված ազդանշան տված քաղաքացու պահվածքը հետապնդում է համարում։

Պատգամավորի հայտարարությանը ՆԳՆ-ն արձագանքել է ակնթարթորեն: Ծիլոսանին պնդում է, որ իրեն հետապնդել են, և դրա պատճառով ստիպված է եղել փոխել բնակության վայրը։

Մասնագիտությամբ իրավաբան Դավիթ Կուպրավան հերքում է մեղադրանքը։

«Երբ մեքենայով անցա, տեսա վարորդին, ազդանշան տվեցի ու «դավաճան» անվանեցի, ինչը լիովին տեղավորվում է Սահմանադրությամբ երաշխավորված իմ խոսքի և արտահայտվելու ազատության շրջանակում։ Ինձ համար պարզ է, որ տիկին Նինոն չի հասկանում, թե ինչ ասել է` ոտնձգություն ու սպառնալիք», — ասել է Կուպրավան «գլխավոր ալիքին» («Մթավարի արխի» հեռուստաընկերություն)։

Հատկանշական է, որ չնայած դրան, մինչ այժմ իրավապահ մարմինները չեն բացահայտել և պատասխանատվության չեն ենթարկել այն անձանց, որոնք մի քանի շաբաթ շարունակ վնասում են լրագրողների ու ակտիվիստների տներն ու մեքենաները` վիրավորական գրառումներ անելով, նաև հարձակվում են «գործակալների մասին» օրենքի դեմ պայքարող քաղաքական գործիչների վրա։