Օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կախա Ծիքարիշվիլիին նշանակել էր Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ, քանի որ այս հաստիքի պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2024 թվականի հուլիսի 22-ին, և անհրաժեշտ էր ընտրել նոր թեկնածուի։
Նշանակումից անմիջապես հետո ավագանու անդամության մեկ այլ թեկնածու` Մանուչար Կոկոչաշվիլին, հայց է ներկայացրել քաղաքային դատարան։
Կոկոչաշվիլին պահանջել է չեղյալ համարել Ծիքարիշվիլիի նշանակման մասին նախագահի հրամանագիրը և նոր ակտ ընդունել, որով ինքը կդառնա Խորհրդի անդամ։ Նա նաև պահանջել է «արգելել նոր մրցույթ անցկացնել և Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի որևէ նոր անդամի չնշանակել (ցանկացած ձևով) մինչև դատավարության ավարտը (բացառությամբ` հայցվորի)»։
Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիան հուլիսի 22-ին բավարարել է Կոկոչաշվիլիի դիմումը և կասեցրել Կախա Ծիքարիշվիլիին Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ նշանակելու մասին հրամանագիրը։ Դա այն օրն էր, երբ Ծիքարիշվիլին պետք է սկսեր իրականացնել խորհրդի անդամի իր լիազորությունները։
Ծիքարիշվիլին էլ իր հերթին բողոքարկում է Արդարադատության բարձրագույն խորհրդում իր նշանակումը կասեցնելու որոշումը Վերաքննիչ դատարանում։ Նրա խոսքով՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ են։
«Ես այսօր կդիմեմ Թբիլիսիի վերաքննիչ դատարան և կպահանջեմ չեղյալ համարել իմ նշանակումը կասեցնելու վերաբերյալ դատավորի վճիռը: Կարծում եմ, դատարանը կսպասի ընտրություններին և որոշում կկայացնի՝ հիմնվելով ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Ծիքարիշվիլին։