Ճնշումներ ուսանողների նկատմամբ. ինչ է կատարվում Թատերականում

«Վրացական երազանք»-ը փորձում է բուհական համակարգը մաքրել ազատախոհ ​​ուսանողներից և դասախոսներից. սա վերահսկողության միտումնավոր քաղաքականություն է, որը «մաքրում է» կրթական տարածքը անկախ և ազատ մարդկանցից և ռեսուրսներից` անդրադառնալով վերջին շրջանում Թբիլիսիի Թատերական համալսարանի ուսանողների տուգանմանն ու կարգավիճակի կասեցմանը, նման տեսակետ հայտնեցին վրացի փորձագետները:

Փորձագետների գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ն ստեղծում է մի իրականություն, որտեղ տարբեր կարծիքներ չեն լինի, և բոլորը նույն տեսակետները կունենան, ինչ իշխող կուսակցությունը: Ըստ նրանց՝ «Վրացական երազանք»-ը ռեպրեսիայի է ենթարկում բուհական համակարգը:

Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ իշխանությունը ցանկանում է ահաբեկել երիտասարդներին, ստեղծել վախի ու սարսափի մթնոլորտ, որտեղ մարդիկ կզգուշանան իրենց դիրքորոշումն արտահայտել։

«Մի միջավայր, որտեղ տարբեր կարծիքներ չեն լինի, և բոլորը նույն կարծիքը կունենան, ինչ իշխող կուսակցությունը։ Սա տեղի է ունենում հատկապես երիտասարդության դեմ, քանի որ երիտասարդությունն է առաջատար ուժը, բողոքի կորիզը, և նրանք ունեն ճիշտ դիրքորոշումներ։ Այդ իսկ պատճառով իշխանությունը ռիսկեր է տեսնում, որ այդ անկախ մտքերը կտարածվեն այլ խմբերի շրջանում։ Նման քայլերով մենք վերադառնում ենք Խորհրդային Միություն», — ասաց հանրային նախկին պաշտպանը:

Թբիլիսիի թատերական համալսարանի շենքի ներսում ընթացող բողոքի ակցիային մասնակցող ուսանողներին ոստիկանությունը տուգանել էր 5000-ական լարիի չափով։ Մարտի 9-ին ոստիկանները մտել էին Ռուսթավելիի պողոտայում գտնվող Թբիլիսիի թատրոնի և կինոյի համալսարան և ուսանողներին տեղում տուգանել։ Ոստիկանության մի քանի այցից հետո ուսանողները լքել էին շենքը, ավելի ուշ ուսանողներին նամակով տեղեկացրել էին, որ նրանց ուսանողական կարգավիճակը կասեցվել է:

Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի խոսքով, ռեժիմը հասնում է բուհերին, համակարգը մաքրում ազատախոհ ​​ուսանողներից և դասախոսներից։ Ըստ Միքելաձեի՝ նախկին ոչ մի ավտորիտար ռեժիմ չի հասել նման լայնածավալ միջամտության.

«Ցավոք, պետական ​​բուհերի մեծ մասի ադմինիստրացիան այս գործընթացին դեմ առ դեմ թույլ է, բարոյալքված և զսպված, ինչը տարիների ինստիտուցիոնալ քայքայման և ակադեմիական ազատության ճնշման հետևանք է: Ցավոք, այս ռեժիմի ողնաշարը դեռևս կոնֆորմիստ դասախոսներն ու պրոֆեսորներն են. այն նույն կադրերը, որոնք տարիներ շարունակ փորձում են գոյատևել կառավարությանը ցուցաբերած հավատարմության միջոցով»:

Միքելաձեն նկատեց՝ համալսարանը միայն վարչակազմ և նույնիսկ ակադեմիական շենք չէ. դա հիմնականում ուսանողներն են, քննադատ ​​հետազոտողները և համալսարանական տարածքների հետ կապված հիշողություններն ու սենսացիաները: Նրա խոսքով, այդ իսկ պատճառով կենսական է, որ դիմադրության շարժումները արմատավորվեն համալսարաններում, որպեսզի ուսանողները չհանդուրժեն ուղղահայացացումը, ազատությունից զրկելը, ճնշումը և անարդարությունը իրենց տարածքում.

«Երբ ավտորիտարիզմի այս ցիկլը անցյալ ճանապարհենք, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ակադեմիական տարածքի անկախությունն ու ինքնակառավարումը ժողովրդավարացման գործընթացի անբաժանելի մասն են: Բուհերի ազատությունը չափանիշ է, որը որոշում է հասարակության և քաղաքական համակարգի ժողովրդավարության աստիճանը», — Facebook-ում գրել է Միձեաձեն:

Թատերականի ուսանողներին համերաշխություն է հայտնել SCJ-ն` նշելով, որ կօգտագործեն բոլոր օրինական միջոցները ուսանողների շահերը պաշտպանելու համար։ SCJ-ի գնահատմամբ՝ էթիկայի հանձնաժողովի որոշումը ակնհայտորեն անարդար է, կամայական և ուղղված է բողոքի ակցիայի մասնակից ուսանողներին հետապնդմանը և բողոքի ակցիայի թուլացմանը։ Բացի դրանից, Էթիկայի հանձնաժողովի որոշումը անօրինական է ու անհիմն և պետք է բեկանվի։

«Սոցիալական արդարության կենտրոն»-ը Թատերական համալսարանի ղեկավարությանը և նրա ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլիին կոչ է արել.

  1. Վերականգնել ուսանողների կարգավիճակը և չսահմանափակել նրանց ուսումնական գործընթացին մասնակցելու և կրթություն ստանալու իրավունքը:
  2. Ապահովել, որ ուսանողներն օգտվեն Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների իրենց իրավունքից, ներառյալ համալսարանի ներսում:

Ինչն է նախորդել ուսանողների կարգավիճակի դադարեցմանը

Թատերական համալսարանի մի խումբ ուսանողներ 2024 թվականի դեկտեմբերի 17-ից բողոքի ակցիայի շրջանակներում զբաղեցրել էին Թատերական համալսարանի շենքի մի քանի տարածք, նախասրահի մի փոքր հատված և մեկ դահլիճ։ Եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին ազատ արձակելու և նոր ընտրություններ նշանակելու պահանջին զուգահեռ՝ նրանք նաև պահանջել են համալսարանի ղեկավարությունից և ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլիից համերաշխություն հայտնել քաղաքացիներին, այդ թվում՝ ցույցերի ժամանակ ձերբակալված դերասաններին։

Մարտի 9-ին Թատերական համալսարանի տնօրինությունը ուսանողներին խնդրել էր շենքից հեռանալ տարածքի ախտահանման նպատակով։ Ուսանողները դեմ էին շենքից դուրս գալուն, սակայն պատրաստակամություն էին հայտնել չխոչընդոտել ախտահանման աշխատանքներին և ժամանակավորապես տեղափոխվել էին շենքի այլ տարածք։ Չնայած դրան՝ տնօրինությունը հրաժարվել է նրանց տալ շենքի մեկ այլ հարմար հատված և կանչել է իրավապահներին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները շենքում գտնվող ինը ուսանողներից յուրաքանչյուրին տուգանել են 5000 լարիի չափով։ Ի վերջո, 83 օր բողոքի ակցիայից հետո ուսանողները լքել են համալսարանի շենքը։

Ներքին գործերի նախարարությունը որպես ուսանողներին տուգանելու իրավական հիմք օգտագործել է Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում և 2025 թվականի փետրվարի 6-ի «Հավաքների և մանիֆեստացիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց հիման վրա արգելվում է հավաք անցկացնել փակ տարածքում/շենքում՝ առանց սեփականատիրոջ նախնական գրավոր համաձայնության։

Քաղհասարակության գնահատմամբ՝ վերոնշյալ նորմը հակասահմանադրական է և կոպտորեն խախտում է հավաքների և արտահայտվելու ազատության չափանիշները։

Ուսանողի կարգավիճակի անհիմն և կամայական դադարեցում

Մարտի 10-ի առավոտյան Թատերական համալսարանի տասը ուսանող համալսարանի ղեկավարությունից էլեկտրոնային փոստով ծանուցում է ստացել, ըստ որի՝ բուհի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ դադարեցվել է նրանց ուսանողական կարգավիճակը։

Նույն օրը ուսանողները պաշտոնական գրություն են ուղարկել համալսարան՝ պահանջելով հիմնավորել որոշումը։ Ժամը 23:20-ին նրանք պատասխան են ստացել ադմինիստրացիայի էլեկտրոնային հասցեով, որ իրենց դիմումը գրանցվել է։

Հաջորդ օրը՝ մարտի 11-ին, Թատերական համալսարանի հեռացված ուսանողները ադմինիստրացիայից էլեկտրոնային փոստով ստացել են Էթիկայի հանձնաժողովի նիստի արձանագրությունը և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական ​​համալսարանի ուսանողների էթիկայի նոր կանոնագիրը։

Հանձնաժողովի որոշմամբ՝ համալսարանն ի վիճակի չէ կառավարել ուսումնական գործընթացները, լիարժեք գործել և իրականացնել իր գործունեությունը, իսկ բուհում սանիտարահիգիենիկ իրավիճակը իրական վտանգ է ներկայացնում այնտեղի ուսանողների և աշխատակիցների կյանքին և առողջությանը, Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել ամենախիստ կարգապահական տույժը՝ ուսանողի կարգավիճակի դադարեցում։