Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության հանքափորներից մեկն ի նշան բողոքի կարել է բերանը:
Ըստ մյուս հանքափորների՝ վերջինս դիմել է բողոքի ծայրահեղ այս ձևին՝ ղեկավարության հետ անարդյունք բանակցությունների պատճառով։
Նրանց կարծիքով, հնարավոր է բողոքի այս ձևն ընտրեն նաև մյուս հանքափորները, եթե բանակցությունները դրական արդյունք չտան։
Ճիաթուրայում հանքափորներն արդեն 11-րդ օրն է գործադուլ են անում: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Հանքափորներից ոմանք արդեն մի քանի օր է հացադուլ են հայտարարել:
Նշենք՝ «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն այն խոշոր ընկերություններից է, որը միավորում է Զեստափոնիի ֆեռոհամաձուլվածքների գործարանը, Ճիաթուրայի լեռնահարստացման կոմբինատը, Վարցիխիի հիդրոէլեկտրակայանը և «Փերոմեդ» կլինիկան։ Ընկերությունը բարձրորակ ֆեռոհամաձուլվածքների խոշորագույն արտադրողն ու արտահանողն է։ Նրա արտադրանքը միջազգային շուկայում գնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ռուսաստանը և այլն։
«Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն Վրաստանի հիմնական գործատուներից է։