Ճիաթուրայի հանքափորը կարել է աչքերը

Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության հանքափորներից մեկն ի նշան բողոքի կարել է աչքերը: Հունիսի 16-ին մեկ այլ հանքափոր կարել էր բերանը։

Նրանց կարծիքով, հնարավոր է բողոքի այս ձևն ընտրեն նաև մյուս հանքափորները, եթե բանակցությունները դրական արդյունք չտան։

Ճիաթուրայում հանքափորներն արդեն 11-րդ օրն է գործադուլ են անում: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Հանքափորներից ոմանք արդեն մի քանի օր է հացադուլ են հայտարարել:

Նշենք՝ «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն այն խոշոր ընկերություններից է, որը միավորում է Զեստափոնիի ֆեռոհամաձուլվածքների գործարանը, Ճիաթուրայի լեռնահարստացման կոմբինատը, Վարցիխիի հիդրոէլեկտրակայանը և «Փերոմեդ» կլինիկան։ Ընկերությունը բարձրորակ ֆեռոհամաձուլվածքների խոշորագույն արտադրողն ու արտահանողն է։ Նրա արտադրանքը միջազգային շուկայում գնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ռուսաստանը և այլն։

 «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն Վրաստանի հիմնական գործատուներից է։