Ճգնաժամից ելքը նոր ընտրություններն են. եվրախորհրդարանական

Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան ԵՄ անդամ երկրներին կոչ է արել անհատական ​​պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի դեմ։ Այս հայտարարությունը նա արել է Ստրասբուրգում կայացած արտահերթ նիստից հետո, որտեղ քննարկման թեմա էր նաև Վրաստանը։

Եվրախորհրդարանի պատգամավորը կարծում է, որ «Վրացական երազանք»-ի անդամները պետք է պատասխան տան իրենց հակաժողովրդավարական գործողությունների համար։ Նա ասել է նաև, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառողները Եվրոպայում ունեն դղյակներ և զբոսանավեր, ուստի այդ գույքը պետք է բռնագրավվի կամ սառեցվի։

Մարկետա Գրեգորովան Վրաստանում ճգնաժամից դուրս գալու միայն մեկ ելք է տեսնում` նոր, ազատ ընտրություններ։

«Մենք չենք կարող համակերպվել Վրաստանի կորստին: Ճգնաժամից դուրս գալու ելքը այժմ նոր ընտրություններն են: Դա գրված է նաև Եվրախորհրդարանի բանաձևում»,- ասել է նա: