Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում, որտեղ պետք է վերսկսվի «գործակալների մասին օրենքի» քննարկումը, ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմության և մեծամասնության անդամների միջև, այդ պահին լրատվամիջոցները դահլիճում չեն եղել: Խորհրդարանից տարածված կադրերում երևում է, որ վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։
Հավելենք նաև, որ երեկ խորհրդարանում ընթանում էր օրինագծի երկրորդ ընթերցումը, որը կշարունակվի նաև այսօր՝ մայիսի 1-ին: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։
Ընդգծենք՝ երեկ, ապրիլի 30-ին, մի քանի ժամ շարունակ ոստիկանները ուժով փորձում էին ցրել ցույցը։ Սկզբում ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ՝ «պղպեղի սփրեյ» են կիրառել, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել ջրի շիթեր և արցունքաբեր գազ։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բռնություն է կիրառվել նաև կոնկրետ լրագրողների ու օպերատորների նկատմամբ:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ն արձանագրել է կադրեր, որտեղ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկում քաղաքացիներին, կանանց ու լրագրողներին: