Ձյուդոյիստի վրա հարձակման մեջ մեղադրվող` Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան հրաժարվում է համաներումից. նա գտնում է, որ ինքը սադրանքի զոհ է և հանցագործություն չի արել:
Գործը վերաբերում է Թբիլիսիի օդանավակայանում 2019-ի դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպին: Ուգուլավան մեղադրվում է ձյուդոյիստ Բադրի Գավաշելիշվիլիին ծեծի ենթարկելու մեջ: Ուգուլավայից բացի` մեղադրանք է առաջադրվել Գավաշելիշվիլիի ընկեր Դավիթ Պարկաձեին, որն իր հերթին մեղադրվում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գոկա Գաբաշվիլիին ծեծելու մեջ:
Վիճաբանությունը սկսել է անձնագրային հսկիչ գոտում, երբ Ուգուլավան ու Գաբաշվիլին պատրաստվում էին Թբիլիսիից Լառնակա մեկնել: Նրանց խոսքով՝ իրենք չեն կարողացել դուրս գալ հսկիչ գոտուց, քանի որ իրենց վրա երկու անհայտ անձ է հարձակվել:
Հարցաքննությունների արդյունքում հետաքննությունը հանգել է եզրակացության, որ ծեծի զոհ են Գաբաշվիլին և նրանցից մեկը, ում ընդդիմադիրները մեղադրում են հարձակվելու մեջ ՝ Գավաշելիշվիլին:
Գործը, որով մեղադրվում է Ուգուլավան, 2021 –ի հունվարի համաներման տակ է ընկնում: Օրենքը տարածվում է այն անձանց վրա, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2020-ի դեկտեմբերի 11-ը:
Թբիլիսիի քաղաքային դատարանում գործի քննության նիստի ընթացքում Ուգուլավան ասել է, որ գործը սադրանք է իր դեմ, և որ նա ոչ թե մեղադրյալ է, այլ տուժող:
Եթե մեղքը հաստատվի, Ուգուլավային և երկրորդ մեղադրյալին սպառնում է տուգանք կամ հանրային օգտակար աշխատանք՝ 120-180 ժամ ժամկետով, տնային կալանք՝ 6 ամսից մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկում ՝ մինչեւ մեկ տարի: