
Վրաստանյան ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» քաղաքական միավորման անդամ Ալեկո Էլիսաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած ճեպազրույցում ասել է, որ դատարանն իրեն տուգանել է 2000 լարիով։
Էլիսաշվիլին նախատեսում է որոշումը բողոքարկել վերադաս ատյանում։ Գործը վերաբերում է «գործակալների օրենք»-ի դեմ անցկացված բողոքի ակցիային, երբ հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության էին ենթարկել Էլիսաշվիլիին:
«Այդ դեպքից հետո ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, նրանցից ոչ մեկի ինքնությունը չի բացահայտվել։ Ինձ տուգանեցին 2000 լարիով…»,- ասել է Էլիսաշվիլին։
Թբիլիսիի քաղաքային դատարանը Էլիսաշվիլիին իրավախախտ է ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը, ինչպես նաև իրավապահի օրինական պահանջին չենթարկվելը:
Էլիսաշվիլին սեպտեմբերի 2-ին ասել էր, որ ճանաչել է իր վրա հարձակված ոստիկաններից մեկին, նրա մասին տեղեկություններ է տրամադրել իրավապահներին, սակայն արձագանք չի եղել։