Թբիլիսիի քաղաքապետարանը, հիմնվելով սեփական լաբորատորիայից ստացված եզրակացությունների վրա, հայտարարել է, որ Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայի վերականգնման աշխատանքները անորակ են կատարվում:
Փաստաթղթում, որը հասանելի է դարձել radiotavisupleba.ge լրատվականին, նշվում է, որ հայտնի չէ, թե երբ կավարտվեն ընթացող աշխատանքները։
«Արձանագրվել են պայմանագրի պայմանների մի շարք խախտումներ պարտավորությունների կատարման հսկողություն (ստուգում) իրականացնող անձանց, ինչպես նաև՝ տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց կողմից: Մասնավորապես, ստուգման ակտերով հաստատվում են աշխատանքները չներկայացնելու և ներկայացված պլան-ժամանակացույցի ուշացման դեպքեր»,- գրված է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կողմից տրված պաշտոնական փաստաթղթում, որը թվագրված է 2024 թվականի հունվարի 15-ով։
Բացի այդ, նույն փաստաթղթում նշվում է, որ Ծերեթելիի պողոտայում աշխատանքների հիմնական մասն ավարտված չէ, իսկ մինչ այդ փուլը կատարված աշխատանքները վնասվում են։ Այդ հրամանով քաղաքապետարանը խզել է պայմանագիրը կապալառու երկու ընկերությունների` «Էր Տե Դե» ՍՊԸ-ի և «Միլենիում բիլդերս գրուպ» ՍՊԸ-ի հետ:
Ծերեթելիի պողոտայի վերականգնումը սկսվել է 2023 թվականի ապրիլի 19-ին, իսկ ապրիլի 20-ին Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին հայտարարել էր, որ մայրաքաղաքի բանուկ պողոտաներից մեկի վերականգնումը պետք է ավարտվի 2024 թվականի հունվարին։ Նույնը ապրիլի 24-ին ասել էր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։