Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի «4+1» ծրագրի վրացերենի նախապատրաստական կուրսի ուսանողները միացել են Կլիմայի ազդեցության միջազգային օրվա տոնակատարությանը՝ բուհի շենքի բակում ծառեր տնկելով:
Համալսարանի դասախոս Թեա Քամուշաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է․ «Գաղափարն ուսանողներինն է, իրենք են նախաձեռնել ու իրականացրել։ Ողջունելի է, որ ուսանողները հոգ են տանում շրջակա միջավայրի մասին»:
Ուսանողները ծառատունկն իրականացրել են որպես նոր կյանքի խորհրդանիշ: Իգոր Այվազյանը մեզ հետ զրույցում ասում է՝ նման միջոցառումներն ուսանողներին թույլ են տալիս էլ ավելի ինտեգրված քաղաքացի զգալ իրենց.
«Ամենակարևորն այն է, որ դասախոսներն աջակցում են մեզ ամեն հարցում, մեզ հետ միասին մասնակցում են ողջ նախապատրաստական աշխատանքներին: Սա, ի դեպ, առաջին նախաձեռնությունը չէ մեր կողմից: Մինչ այս էլ, հացի օրվա հետ կապված հացի լայն տեսականի էինք ներկայացրել համալսարանում»,- ասում է Իգոր Այվազյանը: