Դարագյուղը Ծալկայի շրջանում լավագույնն է հանդիսանում բոլոր առումներով, թե՛ բնակչության հյուրընկալության ու շնորհքի, թե՛ աշխատասիրության ու զարգացվածության տեսակետից։ Երաշխավորում է դարագյուղցի Միշա պապը (Միշա Հարությունյան):
«Մեր ժողովուրդն ամեն պարագայում օգնում է մեկը մյուսին», — հպարտությամբ ասում է Միշա պապը։
Թրիալեթյան լեռնաշղթայի լանջին՝ 1520 մետր բարձրության վրա է գտնվում Դարագյուղը: Այստեղ մոտ 240 ընտանիք է ապրում:
Դարագյուղը հարուստ է բերքատու սևահողերով ու լայնարձակ արոտավայրերով: Գյուղում գերակշռում են հողագործությունն ու անասնապահությունը։ Այստեղ հիմնականում մշակում են կարտոֆիլ. տեղացիներն ասում են, որ այդ ոլորտում Դարագյուղը շրջանում առաջատարն է։ Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա այս ճյուղը տարեցտարի անկում է ապրում։ Բնակիչներն այս փաստը կապում են արոտավայրերի կրճատման հետ։
Դարագյուղի բնակիչ 92-ամյա Միշա պապը ևս դա է անասնապահության հիմնական խնդիր համարում՝ նշելով, որ արոտավայրերի տարածքներն արդեն որպես վարելահող են օգտագործվում։
«Քանի որ արոտավայրերի պակաս ունենք, անասուններին տանում ենք մոտ 12 կմ հեռավորության վրա գտնվող սարեր, ինչը բարդություններ է առաջ բերում։ Դրա համար գյուղացիները դժվարանում են անասուն պահել, իսկ հողագործությունը ընդհակառակը՝ տարեցտարի ավելի մեծ թափով է զարգանում. կարտոֆիլի ահռելի պահանջարկ կա և շատ արագ իրացվում է», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է գյուղի տարեց բնակիչը։
Դարագյուղի գյուղապետ Բաբկեն Վահրադյանի խոսքով՝ անասնապահության նվազման հիմնական պատճառը, արոտավայրերի հեռու լինելն է, ինչպես նաև հովիվ չունենալը։
«Ունենք մոտ 1200 հեկտար արոտավայր, սակայն գյուղից 12 կմ հեռավորության վրա են գտնվում, շատ դժվար է արդեն հովիվ գտնել, որպեսզի անասուններին սարեր տանի, այդ պատճառով էլ գյուղացիները կրճատում են անասունների գլխաքանակը»։
Բաբկեն Վահրադյանը ընդգծում է, որ բնակչությունը զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, հիմնականում մշակում են կարտոֆիլ ու գարի, և ինչպես գյուղապետն է նշում. «դարագյուղցին, թե արտերկիր էլ չմեկնի աշխատելու, գյուղից ստացած եկամտով, կարող է ապահով կյանք կերտել, ունենալ լավ տուն, մեքենա և ամբողջ շրջանում վայելել մեծ համբավ»:
87-ամյա Աքսանա Հարությունյանը գյուղում առկա խնդիրներից առանձնացնում է գերեզմանոցի ցանկապատ չունենալը, ինչի պատճառով անասունները մտնում են գերեզմանոցի տարածք։
Վերոնշյալին ի պատասխան Բաբկեն Վահրադյանն ասում է, որ. «Դարագյուղում ամեն տարի իրականացվում են պետական ծրագրեր, օրինակ այս տարի պետբյուջեով, որը կազմում է մոտ 16000 լարի, նախատեսվում է մեծացնել և ցանկապատել գերեզմանները»:
Գյուղապետը նշում է, որ վերջին տարիներին Դարագյուղում բավականին դրական փոփոխություններ են գրանցվել։ Լուսավորվել են փողոցները, կառուցվել է խաղադաշտ, տեղադրվել են աղբամաններ, վերակառուցվել է եկեղեցին:
Դարագյուղցի Միշա պապը ցավով է արձանագրում՝ գյուղից ընդմիշտ հեռանում են, բնակություն հաստատում արտասահմանում։
Բաբկեն Վահրադյանն էլ ընդգծում է, որ գյուղի երիտասարդները հիմնականում արտերկիր են մեկնում աշխատելու, լավ կյանք ունենալու նպատակով։
«Գյուղում երիտասարդների հետաքրքրությունները բավարարող լիարժեք պայմաններ դեռևս չկան, սակայն աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Վերոնշյալի հետ կապված 18-ամյա Հասմիկ Մուրադյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ գյուղում երիտասարդների համար հետաքրքիր չէ, այդ իսկ պատճառով նրանց մեծ մասը դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնում է մայրաքաղաք Թբիլիսի և հաստատվում այնտեղ, մի մասն էլ աշխատելու նպատակով արտերկիր է մեկնում, և քչերն են մնում և զբաղվում գյուղատնտեսությամբ։
«Գյուղում գործում է պարի խմբակ և դպրոցի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու, սակայն չկա մանկապարտեզ. երեխաներին ստիպված տանում են հարևան գյուղեր, ինչը ցավալի է»,- հավելում է Հասմիկը։
Հասմիկը նշում է, որ գյուղում չկան հավաքատեղիներ, որտեղ երիտասարդները կկարողանան իրենց ազատ ժամանակը շահավետ օգտագործել։
«Գյուղում գործող ակումբն անմխիթար վիճակում է, չի ծառայում իր նպատակին, գյուղը չունի նաև սպորտդահլիճ, ուր կարող են հաճախել երիտասարդները»։
Ասում է՝ եթե ունենա հնարավորություն, կփորձի իր ուժերի սահմաններում օգտակար գործ կատարել հայրենի գյուղի համար:
«Եթե մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն վերցնի, ներդրում կատարի գյուղի զարգացման, երիտասարդների հետաքրքրությունների ապահովման և ապագա սերնդի բարեկեցիկ կյանքի համար, թեկուզ բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնա հայրենի գյուղ և աշխատի, որոշ չափով կլուծվեն ներկա հիմնախնդիրները, իսկ գյուղի բնակչությունն էլ չի հեռանա»:
Գյուղի տարեցների ցանկությունն է՝ շատ աշխատել, զարգացնել գյուղը և ապագա սերնդի համար ստեղծել զարգացած բնակավայր, բարեկեցիկ կյանք։
Հեղինակ՝ Անի Հարությունյան, գյուղ Դարագյուղ