Վրաստանի շրջաններում զբոսաշրջային օբյեկտների պահանջարկն աճել է, որը ինչպես պարզաբանել են մասնագետները պայմանավորված է համաճարակային ֆոնի թուլացմամբ և զբոսաշրջիկների աճով։
Ծալկայի ապակե կամրջի հասարակայնության հետ կապերի մենեջեր Էթի Բեկուրաշվիլին BM.ge լրատվամիջոցին հայտնել է, որ 240 մետր երկարությամբ ապակե կամուրջը թե՛ օտարերկրյա, թե՛ տեղացի զբոսաշրջիկների հետաքրքրության շրջանակում է, ինչի շնորհիվ էլ նրանց թիվը մեծանում է։
«Անցյալ տարի մենք հյուրընկալել ենք ավելի քան 100 հազար այցելուի, իսկ այս տարի ավելի լավ սպասելիքներ ունենք։ Հստակ թվերի մասին կխոսենք ավելի ուշ, սակայն մինչ այդ կարող ենք ասել, որ օտարերկրյա զբոսաշրջիկների ցանկը, նախնական տվյալներով, բավականին բազմազան է։ Այս փուլում վրացիների համար գները տատանվում են 19-ից 29 լարիի միջակայքում, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 34-ից 49 լարիի,- ասել է Էթի Բեկուրաշվիլին։
Ախալցխայի բերդի (Ռաբաթ) տնօրեն Զազա Թամարաշվիլին ևս խոսել է զբոսաշրջիկների ակտիվացման մասին և դա կապել համաճարակի ավարտի հետ։ Ըստ նրա՝ նախորդ տարվա չորս ամսվա համեմատ, այս տարի զբոսաշրջիկների թիվն աճել է 33 տոկոսով։