Tbilisi Open Air երաժշտական փառատոնն իշխանություններից փոխհատուցում է պահանջում Թբիլիսիի Lisi Wonderland-ի հարակից տարածքում հոմոֆոբ, հակաարևմտյան բողոքի ակցիայի մասնակիցների հարձակման առթիվ, որի ընթացքում ոչնչացվել և յուրացվել է տարբեր ընկերությունների ունեցվածքը։
«Մեր պահեստը ջարդուփշուր է արվել, գործիքները գողացել են, վնասվել կամ ոչնչացվել են նաև փառատոնի տարածքի ենթակառուցվածքները, բեմական զարդերը, մեր գործընկերներին պատկանող գովազդային առարկաները»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշում են, որ վանդալիզմի գործողությունները «կատարել են կառավարության կողմից խրախուսված ռուսամետ խմբերը»։
Նշենք, որ հուլիսի 8-ին Tbilisi Pride-ի հպարտության շաբաթն ամփոփող Tbilisi Pride Fest 2023-ը, որ պետք է անցկացվեր Թբիլիսիի Lisi Wonderland-ի հարակից փակ տարածքում, չեղարկվեց հոմոֆոբ, հակաարևմտյան բողոքի ակցիայի մասնակիցների հարձակման պատճառով: Հոմոֆոբ և ագրեսիվ խմբերը ներխուժեցին Lisi Wonderland-ի հարակից տարածք, ավերեցին, վնասեցին գույքն ու առկա իրերը, իսկ փառատոնի մասնակիցները հարկադրված եղան էվակուացիոն ավտոբուսներով լքել տարածքը: