![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250206_140616_Chrome.jpg)
Փետրվարի 2-ին Աղմաշենեբելիի պողոտայում, Tbilisi Mall-ի հարակից տարածքում, ճանապարհը փակելու փորձի համար ձերբակալված ութ անձանց համար դատարանը խափանման միջոց է սահմանել գրավը։ Սա նշանակում է` նրանք ազատ կարձակվեն գումարի վճարումից հետո։
Գիգի Ուգուլավային, Դիմիտրի Բիձինաշվիլիին, Իրակլի Տաբատաձեին, Իրակլի Ծիգնաձեին և Ալեքսանդրե Գոգոլաձեին սահմանվել է 5000 լարի գրավ, Նիկոլոզ Քումսիշվիլիին՝ 4000 լարի, իսկ Վասիլ Էլիավային և Նիկոլոզ Կուտուբիձեին՝ 3500 լարի գրավ։
Փաստաբանները պահանջում էին անհապաղ ազատ արձակել նրանց։ Ձերբակալվածներից ոչ մեկը մեղքը չի ընդունում։
Քրեական օրենսգրքի 19-222-րդ հոդվածի համաձայն, նրանց սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։
Հիշեցնենք. եվրոպամետ բողոքի ակցիաների 67-րդ օրը քաղաքացիները հավաքվել էին Tbilisi Mall-ի հարակից տարածքում։ Նրանք շարունակում էին պահանջել նոր ընտրությունների անցկացում և բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված անձանց ազատ արձակում։
Այդ օրը ոստիկանությունը առևտրի կենտրոնի մոտ և ափամերձ տարածքում վարչական կարգով (173-րդ հոդված՝ իրավապահների պահանջին չհնազանդվելու համար) ձերբակալել է 31 մարդու։