Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Սա վերջին անգամ է, երբ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու նախագահ ընտրել: Այսուհետ նախագահին ընտրելու է խորհրդարանը: Ընտրություններին ընդառաջ, «Ալիք մեդիան» ներկայացնելու է այն 5 թեկնածուներին և նրանց ծրագրերը, որոնք, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ամենաբարձր վարկանիշն ունեն: Մնացածի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների՝ ցածր է 2 տոկոսից: Այսպիսով՝ առաջիկայում ներկայացնելու ենք հետևյալ թեկնածուներին. Զուրաբ Ջափարիձե, Գրիգոլ Վաշաձե, Սալոմե Զուրաբիշվիլի, Շալվա Նաթելաշվիլի և Դավիթ Ուսուփաշվիլի:
Մեր առաջին հոդվածը Զուրաբ Ջափարիձեի մասին է: Այս քաղաքական գործիչը հայտնի է իր էքստրավագանտ և ոչ պոպուլյար քայլերով ու հայտարարություններով:
Ջափարիձեն ծնվել է 1976 թվականին, Թբիլիսիում: 1999 թվականին ավարտել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտը, իսկ 2005 թվականին՝ Վրաստանի հասարակական գործերով ինստիտուտը, որտեղ 2005-2011 թվականներին դասախոսություն է կարդացել: Այժմ դասավանդում է «Ազատ համալսարան»-ում: 2012-2015 թվականներին եղել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ: 2015 թվականին իր համախոհների հետ հեռացել է կուսակցությունից և հիմնել «Նոր քաղաքական պլատֆորմ – Գիրչի»-ն, որը հետագայում կուսակցություն է դարձել: Կուսակցությունը մասնակցել է 2016 թվականի խորհրդարանական և 2017 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, բայց հաջողություններ չի գրանցել: Սակայն նրանք չեն հուսահատվում: Ընդամենը ժամեր առաջ Ջափարիձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չհավատաք, թե հաղթելու շանս չունենք, չհավատաք, թե ամեն ինչ արդեն որոշված է: Միակ ուժը, որը պայքարում է ազատության համար՝ «Գիրչին» է:
Ջափարիձեն տարբերվում է Վրաստանի քաղաքական գործիչներից՝ հաճախ ոչ պոպուլյար հայտարարություններ անելով: Երբեմն այդ հայտարարությունները նաև իրականություն են դառնում: Այդպիսին է, օրինակ, մարիխուանայի թեման: Այսպիսով, «Գիրչի»-ն նախ հասավ նրան, որ նախորդ տարվա նոյեմբերին Վրաստանի Սահմանադրական դատարանը մարիխուանա օգտագործելու համար քրեական պատիժը համարեց հակասահմանադրական, իսկ սույն թվականին «Գիրչի»-ի հայցը նույնպես բավարարվեց և դատարանը չեղյալ համարեց նաև մարիխուանա օգտագործելու համար նախատեսված վարչական պատիժը: Ջափարիձեն և իր թիմն ընդհանրապես պահանջում են բոլոր տեսակի թմրանյութերի օգտագործման ապաքրեականացում: «Մարդու մարմինը պատկանում է միայն մարդուն»,- ասում է Ջափարիձեն: Նրանք պահանջում են նաև մարմնավաճառության օրինականացում:
«Երբ երկու մարդ որոշում են կայացնում սեռական հարաբերությունների դիմաց գումար վճարել ու դա բռնության տարրեր չի պարունակում, ապա պետությունը չպետք է քրեորեն պատժի ենթարկի»,- պնդում է Ջափարիձեն:
Վերջինս նաև այն եզակի գործիչներից է, ով հրապարակայնորեն քննադատել է վրաց ուղղափառ եկեղեցուն և ամենայն վրաց պատրիարք Իլիա երկրորդին:
«Սահմանադրական դատարանը մարիխուանայի օրինականացման վերաբերյալ կայացրած վճիռով ասել է, որ մենք այլ երկիր ենք՝ այլևս Խորհրդային միություն չենք: Իլիա երկրորդը պահանջում է վերադառնալ Խորհրդային միություն: Նա կարծում է, թե ձեր փոխարեն կարող է որոշել՝ ձեզ համար ինչն է լավ և ինչը՝ վատ»,- հայտարարել էր Ջափարիձեն:
Ջափարիձեի խոստումները նույնպես տարբերվում են: Նա չի խոստանում աշխատավարձերի և թոշակների կտրուկ բարձրացում և այլ հայտարարություններ այս տրամաբանության մեջ (որոնք 2010 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո չեն մտնում նախագահի լիազորությունների մեջ): Առաջին հերթին, Ջափարիձեն խոստանում է համաներում շնորհել բոլոր այն մարդկանց, ում «համակարգը անարդար պատժել է»: «Ազատ են արձակվելու այն անձինք, ում համակարգը պատժել է այնպիսի «հանցագործության» համար, որտեղ չկա տուժող: Այդպիսին է, օրինակ՝ թմրանյութերի համար դատապարտված անձը: Նրանք ոչ միայն ազատ կարձակվեն, այլ նաև կվերականգնվեն նրանց իրավունքները, ինչպիսին է տրանսպորտային երթևեկության իրավունքը, իրավաբանական գործունեությամբ զբաղվելու, պետական և կրթական համակարգերում աշխատելու իրավունքները և այլն»,- խոստանում է Ջափարիձեն:
Հաջորդ խոստումը վերաբերում է երկրի պաշտպանական կարողություններին: Ջափարիձեն խոստանում է, ընտրվելու դեպքում, 5 տարվա ընթացքում կրկնապատկել երկրի պաշտպանությանը հատկացվող գումարները: Նա նաև պնդում է, որ պարտադիր զինծառայությունը պետության կողմից ընդունված ստրկություն է և որևէ կապ չունի պաշտպանողունակության հետ: Հատկանշական է, որ պարտադիր զինծառայության դեմ պայքարը «Գիրչին» սկսել է դեռևս 2017 թվականից, երբ հիմնադրել են «Բիբլիական ազատություն» կրոնական կազմակերությունը և օգտվելով վրացական օրենսդրության այն կետից, ըստ որի՝ հոգևորականներն ազատվում են պարտադիր զինծառայությունից, սկսել է երիտասարդներին հոգևորականի փաստաթղթեր բաժանել: Օրինակ՝ նախորդ տարվա աշուն-գարուն ընկած ժամանակահատվածում պետությունը 5 914 երիտասարդի է բանակ զորակոչել, սակայն նրանցից 4 406-ը «Բիբլիական ազատություն» կրոնական կազմակերպության միջոցով ազատվել են պարտադիր զինծառայությունից:
Ջափարիձեն խոստանում է նաև ընտրվելու դեպքում վետո դնել բոլոր այն օրինագծերի վրա, «որոնք սահմանափակում են մարդու ազատությունները»: Իսկ գործող նման օրենքները բողոքարկելու է Սահմանադրական դատարանում: Նա նաև պատրաստվում է նվազեցնել ծախսերը՝ նվազեցնելով նախագահի աշխատակազմի և հիմնադրամի բյուջեն 6 տարում 90 միլիոնից 15 միլիոն լարիի հասցնելով, այսպիսով խնայելով 75 միլիոն լարի: Նա նաև պատրաստվում է վաճառել նախագահի նստավայրի շենքը, «քանի որ բավականին մեծ է և ծախսերը նույնպես ահռելի են» և նախագահի աշխատակազմը պետք է տեղափոխվի այլ՝ ավելի գրասենյակային պայմաններ ունեցող վայր: Բացի դրանից, ընտրվելու դեպքում պատրաստվում է վետո դնել բյուջեին վերաբերող օրինագծերին, «քանի դեռ հրապարակային չի ապացուցվել յուրաքանչյուր լումայի անհրաժեշտությունը»:
Զուրաբ Ջափարիձեն խոստանում է նաև թափանցիկություն: Նա պնդում է, որ ընտրվելու դեպքում ամիսը մեկ անգամ հանդիպելու է որևէ նախարարի և ֆեսբուքյան ուղիղ եթերի միջոցով այդ հանդիպումը հասանելի է լինելու բոլորին: Բացի դրանից, նա խոստանում է ամիսը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել ֆեսյբուքյան ուղիղ եթերի միջոցով:
Մեկ այլ ոչ ստանդարտ քայլով Ջափարիձեն սկսեց նաև իր քարոզարշավը: Նա քարոզարշավի շրջանակներում Pornhub կայքում տեղադրեց իր գովազդը: Թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Զուրաբ Ջափարիձեի ընտրական համարն է 36-ը: Կարգախոսերից մեկն է՝ 41-5=36: Նշենք, որ 41-ը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընտրական համարն է, իսկ 5-ը՝ նախկին իշխանության՝ «Միացյալ ազգային շարժման» ընտրահամարը: