«Ձեր վերջին այցելության ընթացքում Բաքվում որոշ ձևակերպումներ եղան, որոնք մտահոգություններ են առաջացրել հայ հասարակության շրջանում»,- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին է դիմել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք՝ այսօր ավարտվել է Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը՝ Հայաստանի Հանրապետություն: Իսկ օրեր առաջ Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաքում էր, ուր նա փաստացի նույնացրել էր Ղարաբաղյան հակամարտությունը և Աբխազական ու Հարավօսական հակամարտությունները.
«Օկուպացված տարածքներն այսօր մեզ համար դեռ բաց վերք են, սա խանգարում է մեր զարգացմանը, սակայն մենք կարողացանք ամրապնդել և զարգացնել մեր պետությունները, տնտեսությունը և շարունակել մեր ուղին: Մենք միասին ենք վերադարձրել անկախությունը և վերջին տարիներին վերապրել նույնատիպ ողբերգություններ՝ օկուպացված տարածքներ, և երկրների տարածքային ամբողջականությունը դեռ չի վերականգնվել»- ասել էր Զուրաբիշվիլին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում:
Արարատ Միրզոյանը, Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը նկատեց. «Բոլոր միջազգային կառույցները, Եվրոպական միությունն այդ թվում, հստակ տարանջատում են դնում Ղարաբաղյան կոնֆլիկտի ու մնացած կոնֆլիկտների միջև: Ես կարծում եմ՝ տարբեր կոնֆլիկտների համար ընդհանրացնող ձևակերպումները վնասում են գործին: Մեր ամուր հարաբերությունները մեզ թույլ են տալիս համագործակցել միջազգային զանազան հարթակներում: Որտեղ բազմաթիվ հարցերում մեր տեսակետները համընկնում են, կամ շատ մոտ են, ու մենք աջակցում ենք իրար: Լինում են նաև հարցեր, որոնց շուրջ մենք տարբեր դիրքորոշումներ ունենք: Այսպիսի հարցերում մենք պետք է առաջնորդվենք չվնասելու սկզբունքով»:
Որպես Օրինակ Արարատ Միրզոյանը բերում է այն փաստը, որ հայկական կողմը որոշ հարթակներում ուղղակի ձեռնպահ է մնում քվեարկությունից, եթե քննարկվող ու քվեարկվող ձևակերպումները կարող են Վրաստանի շահերին վնաս լինել: Հայկական կողմը համարժեք վերաբերմունք է ակնկալում նաև վրաց գործընկերներից: Միրզոյանը նշում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Սա բխում է բոլորի շահերից: Նա հիշեցնում է վրաց հյուրին, որ հայ հասարակության մեջ ոչ միանշանակ վերաբերմունքին է արժանացել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը. «Դրանում նշվում էր սկզբունքներից միայն մեկը, այն ինչ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը շատ ավելի հավասարակշիռ ու բազմակողմանի մոտեցում է ցուցաբերում այս հարցին»: