Հունվարի 11-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հանդիպման արդյունքները շրջանառվում են նաև վրաստանյան փորձագետների շրջանում: Ի՞նչ հնարավոր փոփոխության կենթարկվի տարածաշրջանի տնտեսական քարտեզն ու ի՞նչ դեր կունենա հետագա զարգացումներում Վրաստանը. կշահի՞, թե՞ կկորցնի: Այս հարցերի շուրջ խոսել ենք վրաստանյան փորձագետների հետ.
Հայագետ, ԹՊՀ-ի դասախոս Լելա Ջեջելավան գտնում է, որ ինչ որոշում էլ կայացվի՝ պետք է հաշվի առնել, որ դա մոտ ապագայում չէ, որ իրականացվելու է ստեղծված քաղաքական իրավիճակում՝ հաշվի առնելով նաև ենթակառուցվածքների բացակայությունը: Ըստ նրա՝ այս հանդիպման արդյունքները վտանգ չեն կարող ներկայացնել Վրաստանի հետագա դերի համար:
«Ղարաբաղի հակամարտության նոր ստատուս-քվոյի արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը ակնհայտորեն Ռուսաստանին հնարավորություն է տալիս, որ ավելի կայուն զգա իրեն Կովկասի տարածաշրջանում՝ չնայած նաև Թուրքիայի գործոնի ուժեղացմանը: Ռուսաստանի համար գլխավոր հաջողությունը Ղարաբաղի հարցում արևմուտքի դերի և դերակատարության բալանսավորումն է: Չէի ասի, որ սա շատ կարևոր հանդիպում էր, որի արդյունքը կարող է տարածաշրջանում Վրաստանի դերին վտանգ սպառնալ: Այս հանդիպման ընթացքում երկու երկրի համար որևէ կոնկրետ հարց էլ չի ստացվել լուծել․ ինչպիսին է օրինակ գերիների փոխանակումը: Այդ պատճառով բարդ է պատկերացնել, որ հաղորդակցության միջանցքների գործադրումը մոտ ապագայի հարց է՝ համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունն ու քաղաքական համատեքստը հաշվի առնելով: Այս հանդիպման գլխավոր նպատակն ավելի խորհրդանշական բնույթ էր կրում Ռուսաստանի համար, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծվեր Կովկասի տարածաշրջանում իր ազդեցությունը»,- Ալիքի հետ զրույցում ասում է Ջեջելավան ու հավելում, որ Վրաստանի համար նոր հնարավորություններ կարող են ստեղծվել այս իրականության մեջ.
«Բոլոր նոր իրողությունները, որքան էլ բարդ լինեն, հնարավորությունների նոր դուռ են բացում, որի ճիշտ օգտագործմամբ բոլորովին նոր իրականություն կարելի է ստեղծել: Հենց այսպես եմ տեսնում Վրաստանի դերը Ղարաբաղի նոր ստատուս-քվոյից հետո: Վրաստանն ավելի արժեքավոր է դառնում արևմուտքի համար՝ որպես արևմտյան արժեքների հանգրվան տարածաշրջանում․ ակնհայտ է մենք այս հնարավորությունն անպայման կօգտագործենք մեր արևմտյան գործընկերների հետ միասին: Այս ուղղությամբ կլինեն նոր նախաձեռնություններ ու հավակնոտ նախագծեր»։
Քաղաքական փորձագետ Գիորգի Միքելաշվիլին ասում է.
«Այլ բան է, թե ինչ է գրված համաձայնագրում ու լրիվ այլ՝ թե ինչ գոյություն ունի իրականում: Իրականում, սա թուրք-ռուսական ճանապարհ է, որին կկցվի նաև Իրանը, ստանում ենք եռյակ միություն: Ցավոք սրտի Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ երկրորդական են: Ադրբեջանը դառնում է Թուրքիայի կցորդ․ դա ընդունելի է նրանց համար «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով, սակայն որքանո՞վ ընդունելի է Հայաստանի համար: Հայաստանն էլ դառնում է ոչ պաշտոնական Ռուսաստանի կցորդ, ճիշտ այնպես, ասես դաշնության մի մաս:
Սա եռյակ միություն է, ու քարտեզի վրա մնացած երկրներն ուղղակի ձևականություն են..․ Ինչ վերաբերում է Վրաստանին, այս երկրներից փախստականներին ապաստան առաջարկողի գործառույթ էլ պետք է կատարի ու ժողովրդավարության հույսը դառնա տարածաշրջանում»:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Գելա Վասաձեի կարծիքով էլ՝ Վրաստանի համար միակ դրական կետը Աբխազիայի միջոցով երկաթգծի բացման ուղղությամբ ճնշման հնարավոր թուլացումն է:
«Մոսկվայում հանդիպել են Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը: Չնայած եղած ակնկալիքներին՝ ոչինչ չեն ստորագրել, բայց պայմանավորվել են պայմանավորվել: Իմաստ չունի Երևանի ու Բաքվի շահերը վերլուծել, ավելի հետաքրքիր է հետևել, թե ինչով է տարված Մոսկվան: Կարճ կասեմ․ Մոսկվայի հիմնական շահն Ադրբեջան-Թուրքիա երկաթգծի վերահսկումն է: Ինչպե՞ս, շատ հեշտությամբ՝ Հայաստանի միջոցով: Կհամաձայնի՞ արդյոք Անկարան, ինչո՞ւ ոչ: Այսօրվա դրությամբ միայն Ռուսաստանը կարող է լրացնել այդ ճանապարհը, իզուր չեն Կարսում հաբ կառուցում: Բաքու-Թբիլիսի-Կարսը, այսպիսով, Վրաստանի ներսում ճանապարհը հանձնելու կոռուպցիոն սխեմաների, տարանցման համար Ադրբեջանի՝ գները իջեցնելու ցանկության բացակայության, այս հարցի շուրջ Մոսկվայի սառը վերաբերմունքի պատճառով երկրորդական կդառնա:
Շա՞տ բան կկորցնի արդյոք այս պատճառով Վրաստանը: Տնտեսական տեսանկյունից, հաշվի առնելով Վրաստանի երկաթուղու վիճակը, փաստացի ոչինչ չի կորցնի: Քաղաքական տեսանկյունից՝ հերթական կապը Բաքվի ու Մոսկվայի միջև միշտ էլ տհաճ է Վրաստանի համար, սակայն այստեղ մեր իշխանությունը հաստատ ոչինչ չի կարողանա անել, չեն էլ ցանկանա: Մեզ համար դրական հատվածը՝ հնարավոր է այս տարբերակի ընտրությունը թուլացնի ճնշումը Աբխազիայի միջոցով երկաթգծի բացման ուղղությամբ»: