Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Վրաստանի կառավարության փոխանցմամբ` կողմերը խոսել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների մասին։
Նշվել է, որ երկու երկրներին կապում է ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար և հաստատել Վրաստանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։
Ուշադրություն է դարձվել տարածաշրջանային գործընթացներին։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է դրական դեր խաղալ ապագայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։
Կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների ռազմավարական գործընկերությունը կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը և շոշափելի օգուտներ կբերի երկու երկրներին։
Դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների անդամները։
Կոբախիձեն Փաշինյանին հրավիրել է Վրաստան։