Բիձինա Իվանիշվիլի. «Այսօր հասարակության մեծ մասը վճռականորեն աջակցում է ՀԿ-ների թափանցիկությանը»։
Վճիռ՝ սխալ պնդում:
Համառոտ. Վրաստանում գործող բոլոր հասարակական կազմակերպությունների (ՀԿ) եկամտի աղբյուրները, նախագծերը և դոնորները, որոնք պայքարում են երկրում արևմտյան, ժողովրդավարական սկզբունքների և արժեքների պաշտպանության և իրականացման համար տարիներ շարունակ հրապարակային են և հասանելի բոլորին։
Վերլուծություն. ապրիլի 29-ին «գործակալների օրենքի» աջակցության հանրահավաքում ելույթ ունեցավ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին` մասնավորապես ասելով. «Հնարավոր է հարց առաջանա՝ ինչո՞ւ անցյալ տարի թիմը հետ կանչեց օրենքը, և ինչո՞ւ ենք ընդունոմ այս տարի: Նախորդ տարի օրենքը հետ կանչելու երկու հիմնական օբյեկտիվ պատճառ կար. նախ՝ անցած տարի հաջողեցին հանրության մի ստվար զանգվածի մոլորության մեջ գցել։ Ուստի մեր պարտքն էր հաշվի առնել խաբված մեր համաքաղաքացիների անհանգստությունը։ Երկրորդ՝ մենք պետք է հոգ տանենք մեր երկրի քաղաքական կայունության մասին, որը կարող էր դժվարությունների բախվեր անցյալ տարի, եթե օրենքը հետ չկանչվեր:
Այս տարի իրավիճակն արմատապես այլ է: «Ազգայնականներն» ու նրանց տերերն այլևս չեն կարողանում խաբել ժողովրդին, և այսօր հասարակության մեծ մասը հաստատակամորեն պաշտպանում է ՀԿ-ների թափանցիկությանը։ Բացի այդ, այսօր մենք ունենք լիարժեք ռեսուրսներ՝ առանց պետության կայունությանը վնասելու թափանցիկության մասին օրենքը ընդունելու և երկիրն առաջ տանելու։ Ճիշտ ժամանակին ճիշտ քայլ անելը քաղաքականության գերագույն արվեստն է: Իմ քաղաքական անցյալն ինձ թույլ է տալիս ապացուցել, որ որպես քաղաքական առաջնորդ՝ ես կարող եմ լավ հաշվարկել նման քայլերը»։
Իրականում, կազմակերպությունների ստացած ֆինանսավորումը, դոնորների, այդ միջոցների տնօրինման շրջանակը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունները արտացոլող փաստաթղթերը հասանելի են բոլոր շահագրգիռ կողմերին՝ հիշյալ կազմակերպությունների կայքերում։
Վրաստանում գործող ՀԿ-ներն ամեն ամիս հայտարարագրեր են ուղարկում եկամուտների ծառայություն։ Տարեվերջին էլ տարեկան հայտարարագիր է ուղարկվում եկամուտների ծառայություն։ Ամսական հայտարարագրերը ներառում են ավելացված արժեքի հարկի, աշխատողների թվի և նրանց աշխատավարձերի, ինչպես նաև դոնորներից ստացված ֆինանսական ծախսերի նպատակի հետ կապված հարցեր: Մենք, ինչպես նաև ցանկացած շահագրգիռ անձ, կարող ենք տեսնել, որ երկրում գործող ՀԿ-ները մշտապես թարմացնում են իրենց դոնորների, նախագծերի և բյուջեների մասին տեղեկատվությունը իրենց կայքերում։ Օրինակ, եթե հետաքրքրվենք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի իրականացրած նախագծերով, և ո՞ր երկիրն ու կազմակերպությունն են ֆինանսավորում այս կամ այն նախագիծը, կարող եք մանրամասնորեն գտնել տեղեկատվությունը նրանց կայքում։
Նշենք, որ, ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ երկրի բնակչության 60 տոկոսից ավելին ուղղակիորեն աջակցում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին։ Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Վրաստանում քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը կողմ է ՀԿ-ների թափանցիկությանը, ինչը, ըստ նրա՝ վկայում է սոցիոլոգիական հետազոտությունը։ Պետք է նշել, որ այս ուսումնասիրությունը դեռևս որևէ մի տեղ չի հրապարակվել, և վարչապետի խոսքերից զատ մենք դրա մասին ոչինչ չգիտենք։
Այստեղ հարկ է նշել, որ 2023 թվականին, երբ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքը հետ կանչվեց, «Միջազգային հանրապետական ինստիտուտը» (IRI) հասարակական կարծիքի հարցում է անցկացրել։ Հարցման համաձայն՝ հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ «Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքի ընդունումը կխաթարի Վրաստանի արևմտյան նկրտումները (60 տոկոս, ամբողջությամբ՝ 42 տոկոս, մասնակի՝ 18 տոկոս), օրենքի նպատակն է՝ լռեցնել ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին (56 տոկոս, 38 տոկոս՝ ամբողջությամբ, 18 տոկոս՝ մասնակի), և օրենքի ընդունումը Վրաստանը կմոտեցնի Ռուսաստանին (56 տոկոս, 38 տոկոս՝ ամբողջությամբ, 18 տոկոս՝ մասնակի)։
2024 թվականի մայիսին հեղինակավոր միջազգային Edison Research ընկերությունը «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով հասարակական կարծիքի հարցում է անցկացրել։ Հարցման արդյունքների համաձայն՝ հարցին, թե ո՞րն է «ռուսական օրենքի» նպատակը, բնակչության 65 տոկոսը կարծում է, որ այն կսահմանափակի ոչ կառավարականը հատվածը և ընդդիմադիր կուսակցություններին, իսկ 35 տոկոսը նշել է, որ «օտարերկրյա ազդեցության թափանցիկություն» կապահովի:
Հասարակական կարծիքի հարցմանը զուգահեռ օրենքի նկատմամբ բնակչության վերաբերմունքի մասին են վկայում նաև վերջին ամիսներին Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում անցկացված բազմաթիվ ակցիաները: World Military ֆեյսբուքյան էջի համաձայն՝ մայիսի 11-ին Թբիլիսիի փողոցներում եղել է առնվազն 169-200 հազար մարդ։ Նման մասշտաբային ակցիա անցկացվել է նաև ապրիլի 28-ին։
Եզրակացություն. ելնելով «թափանցիկության» նպատակով «Վրացական երազանքի» կողմից ընդունված «գործակալների օրենքի» դեմ շարունակվող բողոքներից և ակցիաների մասնակիցների թվից՝ կարելի է ասել, որ «Վրացական երազաքը» չի ներկայացրել արժանահավատ փաստարկներ, որ օրենքը ծառայում է թափանցիկության նպատակին։ Նրանց պնդումները, թե «ռուսական օրենքը» մեծ աջակցություն ունի բնակչության շրջանում, դեռ ոչ մի կերպ չի հաստատվել։
Նկատելի է նաև, որ վերջին ամիսներին առավել շատ քաղաքացիներ են դուրս եկել օրենքի դեմ բողոքելու։ Վրաստանի կառավարությունը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել Վրաստանի ռազմավարական գործընկեր երկրներից՝ ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից, որ պետք է հետ կանչեն օրենքը, և այդ օրենքի պատճառով Եվրամիությանն անդամակցությունը կհետաձգվի։ Այստեղ նկատենք, որ օրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ն պատժամիջոց է կիրառել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Չնայած միջազգային ընկերների նախազգուշացումներին և Թբիլիսիում բազմաթիվ բողոքի ցույցերին, «Վրացական երազանքը» հաշվի չի առել կոչերը և ընդունել է օրենքը՝ հանրությանը որևէ փաստարկ չներկայացնելով, որ ընդունումն օգտակար է, և, որ «այսօր հանրության մեծամասնությունը վճռականորեն աջակցում է ՀԿ-ների թափանցիկությանը»։ Ուստի՝ Բիձինիա Իվանիշվիլիի պնդումը սխալ է։