Հոկտեմբերի 14-ին Վրաստանում նշվում է Սվետիցխովլոբան (Մցխեթոբան):
Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել Սվետիցխովլոբայի վերաբերյալ և նշել, որ նախատեսված միջոցառումները հետաձգվել են Վակեի այգում՝ շատրվանների ավազանում էլեկտրահարումից մահացած 13-ամյա աղջկա մահվան պատճառով։
«Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության հետ կապված, բոլոր հանդիսավոր միջոցառումները, այդ թվում՝ Մցխեթոբայի աշխարհիկ տոնը, հետաձգվում են»,- հայտարարել են պատրիարքարանից։
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Նշենք, որ երեկ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա Մարիտա-Մարիամ Մեփարիշվիլին կլինիկայում մահացել է: «Նյու Հոսփիթլս»-ի մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով՝ Վակեի այգում հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը դեռ միացված է արհեստական շնչառության սարքին:
Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ցույց և մոմավառություն կազմակերպել:
Ցավալի լուրին արձագանքեցին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր և քաղաքական շրջանակներ:
Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Գրինսերվիս+»-ը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել այգում շատրվանների վրա։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը ենթադրում է անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է առողջությանը պակաս ծանր կամ ծանր վնասի։