
Վերջին շաբաթներին Վրաստանում առատ տեղումներ են. անձրևաջրերը կրկին լցվել են պատմական Սվետիցխովելիի տաճարը, որը կառուցվել է 11-րդ դարում Մցխեթայում։ Քաղաքացին ապրիլի 15-ին սոցցանցում հրապարակել է ջրի ներհոսքի լուսանկարները, իսկ տեղեկությունը նույն օրն ավելի ուշ հաստատել են Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության գործակալությունից։
Սվետիցխովելին 11-րդ դարի վրացական ճարտարապետության հուշարձան է, որը Ջվարիի և Սամթավրո վանքերի հետ միասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։
Լելա Գիորգաձեն անկախ զբոսավար է, գրեթե ամեն շաբաթ զբոսաշրջիկներին նա ուղեկցում է Սվետիցխովելի, հենց նա է սոցցանցերում տարածել տաճար լցված ջրի մասին տեղեկությունը։
«Երբ ներս տարա զբոսաշրջիկներին, ջրի ձայնը գրավեց ուշադրությունս, նայեցի և տեսա դույլեր և հատակի լաթ: Զբոսաշրջիկները ևս ցույց տվեցին ինձ, և ես ինձ շատ վատ էի զգում», — գրել է Գիորգաձեն:
Պատմական հուշարձանը ջուր լցվելու մասին, որը ևս Վրաց Ուղղափառ եկեղեցու գլխավոր պատրիարքական տաճարն է, տեղեկացրել է նաև Մշակութային ժառանգության գործակալությունը: Գործակալության տվյալներով, մարտի 22-ին՝ առաջին անգամ ջուր լցվելուց անմիջապես հետո աշխատանքներ են սկսվել, սակայն օդերեւութաբանական խնդիրների պատճառով չի հաջողվել ավարտել ժամանակին։
«Վերջնական փուլում նախատեսվում է ճաքերը փակել հատուկ լուծույթով, ինչի համար անհրաժեշտ է մի քանի օր չոր եղանակ ունենալ: Ցավոք, օդերևութաբանական պայմանները վատթարացել են, իսկ առատ տեղումները անհնարին են դարձրել գործընթացի ավարտը», — ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով, «որմնանկարին այս պահին վտանգ չի սպառնում»։
Սվետիցխովելի ջուր լցվելուց մի քանի օր անց «Վրացական երազանք»-ի պատգամավոր Բեժան Ծաքաձեն այս հարցի շուրջ քննարկման ժամանակ լրագրողներին ասել էր. «Դե, ամեն բան պատահում է, ինչ-որ բան կարող է փչանալ, չէ՞, ոչ մի բան մշտական չէ, երևի ինչ-որ բան են արել, և որոշ թերություններ կան»: