
Վրաստանի Մցխեթա քաղաքում գտնվող Սվետիցխովելիի տաճարի հարավային հատվածը ջուր է լցվել: Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը մարտի 22-ին հայտարարել է, որ «առատ տեղումները հանգեցրել են Սվետիցխովելիի հարավային մասում ջրի փոքր ներթափանցմանը»։
Մարտի 23-ին Հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչ Նիկոլոզ Զազունաշվիլին TV Pirveli հեռուստաընկերությանը հեռախոսազրույցում ասել է. «Ջուրը ներթափանցել է գմբեթի արտաքին ծածկույթից և ներհոսել… Դա այն վայրն է, որտեղ ամեն ցնցումից հետո ճաքեր են առաջանում, վերջին անգամ Հայաստանում երկրաշարժ է եղել, այստեղ էլ է ցնցվել, երևի դրա հետևանքն է»։
Գործակալությունը մարտի 22-ին հայտնել էր, որ տաճարին կամ որմնանկարներին «լուրջ վտանգ չի սպառնում»։ Մարտի 22-ի հայտարարության համաձայն՝ մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մոնիտորինգի խմբերը «անմիջապես դեպքի վայր են ժամանել՝ իրավիճակը գնահատելու համար», գործակալությունն աշխատում է մասնագետների հետ հետագա միջոցառումների վրա՝ թույլ չտալու համար ջրի վերստին մուտքը տաճար»։
Սվետիցխովելին 11-րդ դարի վրացական ճարտարապետության հուշարձան է, որը Ջվարիի և Սամթավրո վանքերի հետ միասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։