Սուրճի սերվիս, միքսերներ, բլենդերներ. ինչ է գնել Նինոծմինդայի քաղաքապետարանը

Լուսանկարը՝ toktv.ge-ից

Սուրճի սերվիս, միքսերներ, բլենդերներ, նկարներ, պատառաքաղների հավաքածուներ. սրանք այն կենցաղային պիտույքներն են, որոնք Նինոծմինդայի քաղաքապետարանը տարվա ընթացքում տարբեր միջոցառումներին մասնակցող կանանց համար է գնել:

«Դրանց թվում նվերներ են նախատեսվում նաև մարտի 3-ի և 8-ի իրադարձությունների համար», — toktv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնել է քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։

Նինոծմինդայի քաղաքապետարանը հունվարի 27-ին 20 հազար 300 լարիի պարզեցված գնումների պայմանագիր է կնքել Նինա Ղարսլյանի հետ։ Գնման նպատակը պայմանագրում նշված չէ. այստեղ միայն նշված է, որ կենցաղային տեխնիկան ձեռք է բերվել «Գենդերային հավասարության և զբոսաշրջության վարչության, կրթության, մշակույթի և հուշարձանների պահպանության վարչության» միջոցառման համար։

Պայմանագրի համաձայն, քաղաքապետարանը 8 տարբեր տեսակի 345 անուն ապրանք է ձեռք բերել ավելի քան 20 հազար լարիով։ Մասնավորապես.

  • 40 հատ նկար, 1 հատի արժեքը 47 լարի,
  • 82 սուրճի սերվիս, ընդհանուր 4100 լարի,
  • 30 հատ միքսեր, 1 հատի արժեքը 73 լարի,
  • 40 հատ բլենդեր, ընդհանուր 3200 լարի,
  • 40 հատ ժամացույց, 1 հատի արժեքը 55 լարի,
  • 35 հատ պատառաքաղի հավաքածու, 1 հավաքածուն 70 լարի արժեքով,
  • 63 էլեկտրական թեյնիկ, ընդհանուր 3591 լարի արժեքով,
  • 15 աերոգրիլ, 1 հատի արժեքը 100 լարի: