Վրաստանի հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցիներում այսօր նշվեց Սուրբ Ծնունդը և Ջրօրհնեքը:
Սա պանդեմիայի պայմաններում առաջին Սուրբ Ծնունդն է․ եկեղեցին կառավարության կարգավորումներին հետևելով է անցկացրել ծիսակատարությունները:
Եկեղեցի մուտք գործելիս հավատացյալները թերմոսքրինինգ են անցնում, ախտահանում ձեռքերը, այնուհետև դիմակներով մասնակցում պատարագին, դիմակը հանում են միայն հաղորդություն ստանալու ընթացքում:
Ալիք Մեդիայի հետ զրույցում Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանն, ամփոփելով պանդեմիայի ընթացքում եկեղեցական տոների ընթացքն, ասում է՝ սկսել են ուղիղ եթերներով հեռարձակել պատարագները․ երկրում սահմանված կարգավորումների ու արգելքնեհրի պատճառով եկեղեցի այցելելու հնարավորություն չունեցող հավատացյալները «առցանց» են մասնակցում պատարագին:
Նախօրեին եկեղեցում տեղի ունեցավ ճրագալույցի պատարագ: Տեր Վիրապը նշում է՝ երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքի հետ կապված խնդիր հավատացյալները չեն ունեցել, տոների պատարագների ժամերը սովորաբար չեն համընկնում տեղաշարժի արգելքի հետ: Նախօրեին էլ, պատարագն ավարտվել է երեկոյան ութին:
Այսօր Վրաստանի պետական ներկայացուցիչներից վիրահայոց թեմին շնորհավորանք է հղել խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:
«Վրաստանի խորհրդարանի անունից շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին, հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին Սբ ծննդյան տոնի կապակցությամբ: Առողջություն, բարեկեցություն ու խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին»,- ասված է Թալակվաձեի հայտարարության մեջ:
Վրաստանի հայերին շնորհավորել է նաև Կրոնի հարցերով պետական գործակալությունը, որի նախագահն այսօր այցելել էր Թբիլիսիի առաջնորդանիստ սբ․ Գևորգ եկեղեցի:
«Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցին նշում է ամենամեծ քրիստոնեական տոները՝ Հիսուս Քրիստոսի Ծնունդը, Ավետման արարողությունը և Աստվածահայտնությունը: Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Վրաստանի Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմի հայ քաղաքացիներին այս հիանալի տոների առթիվ և մաղթում հաջողություններ», — ասված է գործակալության հայտարարության մեջ:
Կրոնի հարցերով գործակալությունը շնորհավորում է Վիրահայոց թեմին Սուրբ Ծննդի տոնի առթիվ