Սեպտեմբերի 30-ին Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրում տեղի է ունեցել «Սուրբ Շուշանիկի գումարտակ» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի ռեժիսորներն են Արթուր Մարտիրոսյանն ու Դավիթ Գուլիկյանը։
«Ֆիլմը վերաբերում է Աբխազիայի պատերազմում զոհված վիրահայ մարտիկներին, ովքեր Վրաստանի կողմից են կռվել։ Նրանք կռվել են վրացական պաշտպանական ուժերում և կամավորական գումարտակներում։ Այս ուսումնասիրությունը, հավաքված նյութերը և արդյունքում ստեղծված ֆիլմը անհրաժեշտ է հայերի դերը Աբխազիայի պատերազմում կարևորելու համար, քանի որ մինչ այս շատերը կարծում էին, որ հայերը միայն հակառակորդի կողմից են կռվել, ինչը բնականաբար իրականությանը չի համապատասխանում», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է ռեժիսոր Դավիթ Գուլիկյանը։
Նա նշում է, որ Ֆիլմի նպատակն է, որ վրաց հասարակությունը ճանաչի այն վիրահայ մարտիկներին, ովքեր զոհվել են Վրաստանի համար․
«Ֆիլմը դիտելով շատերը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կինոննկարը պատմական իրականությունը արտացոլելու նպատակ ունի»։
Ռեժիսոր Արթուր Մարտիրոսյանը չթաքցնելով հույզերը, նշում է, որ մեծ պատիվ է իր ֆիլմը հրամցնել թբիլիսահայ հանդիսատեսին․
«Ավելի քան 30 տարի է անցել Աբխազիայի պատերազմից, սակայն Վրաստանի հասարակությունը սպասում էր ոչ թե այս ֆիլմին, այլ ընդհանուր մի թեմայի, որ հայերը կռվել են ոչ միայն հակառակորդի այլև Վրաստանի կողմից։ Սա ենք ուզում ցույց տալ հանդիսատեսին և շատ ուրախ ենք, որ այսօր այսքան մարդ է հավաքվել»։