
2022 թվականի դեկտեմբերի 7-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Քվեմո Քարթլիի Շահումյան, Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի նախագահությամբ, հոգևորաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ 1988 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին: Փոխանցում է Վիրահայոց թեմը։
Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ, թեմապատկան կենտրոնների և տարբեր բաժինների աշխատակիցներ, հասարակայնության ներկայացուցիչներ:
Եկեղեցու ներսում տարածվեց սգո երաժշտությունը, ժամը 11-ն անց 41 րոպեին աշխարհասփյուռ հայոց եկեղեցիների զանգերին միացան Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու զանգի ղողանջները՝ հիշեցնելով վայրկյանների ընթացքում բնության ձեռքով կյանքի ընթացքը կանգնեցրած, մահ ու ավերածություն տարածած բնական աղետի մասին: