Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել Բոլնիսիի մունիցիպալիտետում Սու-25 ռազմական ինքնաթիռի կործանման մասին։
Ըստ նախաքննության տվյալների, ինքնաթիռը թռիչքից առաջ ամբողջությամբ ստուգվել է՝ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, կատարվել է նաև նախաթռիչքային պատրաստություն, պահպանվել են կանոնակարգով նախատեսված բոլոր ընթացակարգերը։
ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 401-րդ հոդվածով՝ ռազմական ինքնաթիռի թռիչքի ժամանակ անվտանգության կանոնները խախտելու փաստի առթիվ: Նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունն իրականացնում է ռազմական ոստիկանությունը՝ գլխավոր դատախազության հսկողությամբ։
«Պաշտպանության ուժերին պատկանող Սու-25 ինքնաթիռի աղետի վայրում ողջ գիշեր մի քանի հեկտար տարածքի վրա համապատասխան ծառայությունների կողմից իրականացվել են քննչական գործողություններ։ Վթարի վայրում են գտնվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին և Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։
Ողբերգական դեպքն ամբողջությամբ հետաքննելու նպատակով համապատասխան ծառայություններն իրականացնում են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Այս փուլում հայտնաբերվել են ինքնաթիռի մասերը և սև արկղը։ Մահացած օդաչուի մարմինը տեղափոխվել է դիահերձարան»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք. հուլիսի 2-ի ժամը 13:00-ի սահմաններում, Բոլնիսիի մունիցիպալիտետի Դիսվելի գյուղի մոտ կործանվել է ՊԲ-ին պատկանող Սու-25 ինքնաթիռը։ Վթարի հետևանքով զոհվել է Պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու, փոխգնդապետ Կախաբեր Զուրաբաշվիլին։