
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) քաղաքացիական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգ) սկսել է վերանայել Վրաստանի «գործակալների օրենք»-ը։
GYLA-ի ղեկավար Նոնա Քուրդովանիձեն հայտարարել է, որ Ստրասբուրգի դատարանը սկսել է գործի քննությունը և «պետությանը հարցեր է ուղարկել, որոնց նա պետք է պատասխանի»։
«Դատարանը կարող է գործին տալ էական ազդեցության գործի կարգավիճակ, դա քննարկվում է մեր նամակագրության մեջ», — ասել է Քուրդովանիձեն։
Ըստ նրա՝ նմանատիպ կարգավիճակ է տրվում այն դեպքերին, որոնք «վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության բացառիկ կարևոր խնդիրներին»։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները և մասնավոր անձինք ընդդեմ «գործակալների օրենք»-ի, որը նրանք անվանում են «ռուսական օրենք», Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց են ներկայացրել 2024 թվականի աշնանը:
Հոկտեմբերի 17-ին GYLA-ի գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարվել էր՝ հայցը ներկայացվել է 16 լրատվամիջոցների, 120 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և 4 անհատների անունից։ Նրանց պնդմամբ` խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված հետևյալ իրավունքները.
- հավաքների և միավորումների ազատություն (հոդված 11),
- արտահայտվելու ազատություն (հոդված 10),
- անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք (հոդված 8),
- խտրականություն (հոդված 14),
- իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք (հոդված 13),
- իրավունքների սահմանափակումների կիրառման շրջանակ (հոդված 18):
2024 թվականի հոկտեմբերի սկզբին Վրաստանի Սահմանադրական դատարանը չէր բավարարել հայցվորների պահանջը՝ կասեցնել «գործակալների օրենք»-ի գործունեությունը։
Հոկտեմբերի 4-ի սղագրության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 9-ին, դատարանը գրել է. «Հայցվորի միջնորդությունը՝ կասեցնել վիճարկվող նորմերի գործունեությունը մինչև գործով վերջնական որոշման կայացումը, չի բավարարվում»։
Դրանից բացի, «Վրացական երազանք»-ի ընտրած երկրի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին 2025 թվականի մարտի 24-ին Վրաստանի ՍԴ-ից հետ է կանչել «գործակալների օրենք»-ը, որը ՍԴ-ում բողոքարկել էր 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: