Ստրասբուրգի դատարանը մերժել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մասնավոր կլինիկա տեղափոխվելու վերաբերյալ պահանջն ու կոչ արել դադարեցնել հացադուլը: Ստրասբուրգի դատարանի որոշման մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
Նախարարի խոսքով՝ կառավարությունը Սաակաշվիլիի առողջության և անվտանգության մասին մինչև 2021 թվականի նոյեմբերի 24-ը պետք է տեղեկություն տրամադրի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։
Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հատուկ ճեպազրույցում խոսել է Եվրոպական դատարանից ստացված նամակի մասին։ Գվարամիայի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի գործին առաջնահերթություն է տրվել, իսկ փաստաբաններին տրվել է որոշակի ժամկետ՝ հայց ներկայացնելու համար։
«Ամենակարևորը՝ ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ մեր խնդրանքը բավարարվել է»,- ասել է Նիկա Գվարամիան՝ հավելելով, որ դատարանը Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է անում դադարեցնել հացադուլը և այս կոչը փաստում է, որ դատարանն ընդունում է Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլի փաստը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 42 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։
Նշենք, որ իշխանությունները հրաժարվում էին Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլիին կտեղափոխեն Գլդանիի 18-րդ բուժհաստատություն (բանտային հիվանդանոց)։ Սակայն, ըստ հանրային պաշտպանի, վերոնշյալ հաստատությունը չի համապատասխանում նախկին նախագահի առողջությամբ զբաղվող խորհրդի կողմից սահմանված բժշկական նորմերին։