Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մոտ երկնաքերեր կառուցվելու ծրագրին դեմ քաղաքացիները ստորագրահավաք են ստեղծել։
Ստորագրահավաքի հեղինակները նշում են, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սակրեբուլոյի նիստում հրապարակավ հավանություն է տվել նախագծի գաղափարին, չնայած այն հանգամանքին, որ շինարարության ճարտարապետական նախագիծը և օրենքով նախատեսված անհրաժեշտ ուսումնասիրությունները դեռ չեն ներկայացվել և քննարկվել։
Ստորագրահավաքի հեղինակների կարծիքով, նախագծի գաղափարը պարունակում է քաղաքի պատմական հատվածի ոչնչացման և երթևեկության խափանման վտանգներ:
«Լագունա Վերե» լողավազանի վերադարձը քաղաքապետարանի սեփականությանը չի կարող հավասարակշռել Թբիլիսիի պատմական հատվածին սպառնացող այս վտանգը։
Բացի այդ, ծրագրի իրականացման դեպքում նախատեսված 1 000 բնակելի կառույցները, ավտոկայանատեղերը և կոմերցիոն տարածքները կզարգանան ողջ հզորությամբ՝ գործնականում այլևս չթողնելով այս տարածքում տրանսպորտով նորմալ տեղաշարժվելու հնարավորություն», — ասված է միջնորդության տեքստում։
Ստորագրողները կոչ են անում Թբիլիսիի քաղաքապետարանին հրաժարվել ներկայացված նախագծային առաջարկի վերանայումից և նորովի պլանավորման կարգադրություն տալ։
Նշենք, որ Կալաձեի խոսքով, քաղաքապետարանը կվերանորոգի քաղաքի կենտրոնական թաղամասներից մեկում գտնվող «Լագունա Վերե» լողի համալիրը։
Ի դեպ, օրեր առաջ, երբ լրատվամիջոցներին հետաքրքրում էր «Մետաքսի գործարան»-ի տարածքում երկնաքերեր կառուցելու հարցը, Թբիլիսիի քաղաքապետն ասել էր, որ այն իրականացվելու է նորն ու հինը համադրելով։
Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը նախատեսում է 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել Թբիլիսիի նախկին «Մետաքսի գործարան»-ի տեղում՝ «Լագունա Վերե»-ի և «Հերոսների հուշարձան»-ի միջև։
Խոստացված կառույցի մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն` վերնագրելով այսպես. «Բիձինայի «նվերը» թբիլիսցիներին»:
«Քաղաքաշինության ինստիտուտ» կազմակերպությունն արձագանքել է «Լագունա Վերե»-ի շրջակայքում նախատեսված շինարարությանը։ Նրանց կարծիքով, նախագիծը տարածքի համար անհամապատասխան է, ավելին՝ Թբիլիսիում դժվար է գտնել այնպիսի վայր, որը կարող է հարմար լինել այս մասշտաբի և բարձրության կառուցման համար:
Ըստ հայտի՝ պատվիրատու «Կոստավաս 69» ՍՊԸ-ն քաղաքապետարանից պահանջում է համաձայնություն տալ այդ տարածքի զարգացման կարգավորման ծրագրի պլանավորման հանձնարարականին։ Մի շարք ընթացակարգեր անցնելուց հետո, հավանություն ստանալու դեպքում ընկերությանը հնարավորություն կտրվի քաղաքի կենտրոնում կառուցելու երկու աշտարակ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր։ Նախագծային առաջարկով համալիրի հարկերի նվազագույն թիվը 1 է, իսկ առավելագույնը՝ 65։ Շինարարության մակերեսը՝ 33 հազար 500 քմ։ Նախագիծը ներառում է կոմերցիոն գրասենյակային, բնակելի և օժանդակ տարածքներ։
Ի դեպ, «Կոստավաս 69» ընկերության տնօրենը Կախա Կոբիաշվիլիի ազգական Բիձինա Իվանիշվիլին է, իսկ 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը «Քարթու» հիմնադրամն է։’
Բիձինայի «նվերը» թբիլիսցիներին. 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի